Պետք է հասկանալ, որ ազգային շահը գերակա է քաղաքական ու կուսակցական շահերից


14:18 , 16 դեկտեմբեր, 2018

Արցախի հարցում մեր դիրքերի հնարավոր թուլությունը կապված է ոչ թե մեր շուրջ ինչ-որ դավադրապաշտական խմբավորումներ ձևավորվելու իրողություններից, այլ բացառապես մեկ իրողություներից.

Վերջին 15-20 տարվա մեջ հետևողականորեն մսխվել են ՀՀ-ի ու Արցախի զարգացման հնարավորությունները, դրանով երկիրը դարձել է ոչ մրցունակ, ուստի քաղաքականապես տկար, և միայն սահմանային ռեսուրսներով (կոնկրետ անձերի հմտություններ ու անգամ կյանքի գնով) է կարողացել հավասարակշռել ինչ-որ գործընթացներ:

Փաստացիորեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն չունի ազգային անվտանգություն լայն իմաստով: Չկա այդ համակարգի մի ոլորտ, բաղադրիչ ու ցուցանիշ, որ հնարավոր շեմային սահմանից ցածր չլինի: Դա ժառանգություն է «նորերին»:

Բացառապես կոշտ անվտանգության հիմքով այսօր գոյատևող ՀՀ-ն, հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մեծագույն բարդություններ է ունենալու: Այս առումով ներկա կառավարությունը առաջնահերթ խելացի կադրային քաղաքականություն պետք է որդեգրի. այլ տարբերակ չունի: Մյուս կողմից՝ բանակի, ՊԲ-ի, ռազմահայրենասիրական թեմաների, Երկրապահի, մասով պետք է լինի շատ ուշադիր, դելիկատ, մտածված:

Պետությունը պահելու համար կուսակցականությունը և քաղ. պիտակավորումները պետք է դրվեն մի կողմ, քանզի նորերի ձախողումը կարող է պետության կործանում լինել:
Մյուս կողմից՝ այստեղ կարևոր է, որ նորերը իրենց մեջ այդ կամքն, խոհեմություն ու ուժը գտնեն, փորձելու աշխատել հների հետ կոնսոլիդացված տեխնոկրատական միասնականության ներքո:

Պետք է հասկանալ, որ ազգային շահը գերակա է քաղաքական ու կուսակցական շահերից, իսկ ժամանակ մենք այլևս չունենք: 
Տղայականության, մաչոյականության, պոպուլիզմի ժամանակն անցել է: Գործ անելը լինելու է բարդ, բայց այլ տարբերակ չկա: 
Նորերի անհաջողությունների ու սխալների վրա միավոր հավաքելն էլ երկիրը ևս մեկ քայլ տանում է դեպի այն անդունդը, որից իբր վերջին տարներին ուզում ենք դուրս գալ:

Հ.Գ. Բոլոր գործընկերներ-հարևանները սպասում են, որ մենք ձախողենք. պետք չէ նրանց ջրաղացին ջուր լցնել: Սա հավասարապես վերաբերում է ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը: