Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ղեկավարներին


13:00 , 15 դեկտեմբեր, 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնոհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահը շնոհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս նրանց գործունեությունը և ծրագրերը կբխեն Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և համայն հայության շահերից: