Հավաստի պատմություններ նավերի ու ինքնաթիռների մասին, որոնք անհետացել են Բերմուդյան եռանկյունում


21:00 , 15 դեկտեմբեր, 2018

Բերմուդյան եռանկյունու խորհրդավոր գաղտնիքն առ այսօր բանավեճերի առարկա է հանդիսանում: Ձեզ ենք ներկայացնում որոշ հավաստի պատմություններ արխիվից՝ Բերմուդյան եռանկյունում գրանցված հանելուկային իրադարձությունների վերաբերյալ:

Առագաստանավ «Ատլանտա» (290 մարդ)

1880 թ. հունվարի 31-ին «Ատլանտա» առագաստանավը ուղևորվեց Անգլիա: Ստարտի վայրը Բերմուդյան եռանկյունին էր: Ուղևորությունը սկսելուց հետո այլևս երբեք ոչ ոք տեղեկություն չստացավ նավի մասին: Նշանակված նավահանգիստ այն չհասավ:

Սա այն հարյուրավոր պատմություններից մեկն է, որը կապված է անիծված վայրի՝ Բերմուդյան եռանկյունու հետ: Այս պատմության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ առագաստանավը բրիտանական նավատորմի ուսուցողական նավերից էր, որի անձնակազմում 290 կուրսանտներ ու սպաներ կային: Նրանք բոլորն անհետացան Բերմուդյան եռանկյունում:

Բեռնատար շոգենավեր «Ցիկլոպ», «Պրոտեուս» և «Ներուս»

Ժամանակակից շոգենավերից մի քանիսը ևս հայտնվել են խորհրդավոր եռանկյունու ճիրաններում:

«Ցիկլոպ» բեռնատար շոգենավը XX դարի սկզբին ԱՄՆ ռազմածովային ուժերի հպարտությունն էր: Այն ուներ 180 մ երկարություն և ունակ էր փոխադրելու մինչև 20 հազար տոննա բեռ:

1918 թ. մարտին Բարբադոս կղզու նավահանգստից շոգենավը սկսեց իր հերթական ռեյսը: Այն բեռնված էր մանգանային կրաքարով: Նավի վրա կար 309 մարդ: Ուղևորության վերջնակետը Բալթիմորի նավահանգիստն էր, սակայն նավը Բերմուդյան եռանկյունու սահմաններից այդպես էլ դուրս չեկավ: Ոչ ոք դրա մասին ոչինչ չգիտի: «Ցիկլոպ» շոգենավից SOS ազդանշան չի ստացվել:

Մշակվում էին հնարավոր վարկածներ առ այն, որ նավն անհետացել է: Այդ վարկածներից մեկի համաձայն՝ շոգենավը, միգուցե, պայթեցվել էր սուզանավի կողմից: Սակայն հետախուզական տվյալներն ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ այդ ժամանակ տվյալ շրջանում գերմանական սուզանավեր չեն եղե: Հսկայական շոգենավի անհետացումն այդպես էլ չբացահայտվեց:

1941 թ. նոյեմբերն էր: Միաժամանակ ամերիկյան երկու շոգենավ՝ «Պրոտեուսն» ու «Ներուսը», մի քանի շաբաթվա տարբերությամբ անհետացան Բերմուդյան եռանկյունու շրջանում: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ արդեն հասանելիություն կար գերմանական ռեյխի արխիվներին, հաստատապես պարզ դարձավ, որ նավերը չէին կարող գերմանացիների «զոհը» դարձած լինել: Երկու նավերն էլ անհետ կորան:

Էլ Քերիբ նավի անհետացումը

Թվում է՝ XX դարում, երբ արդեն զարգանում էին տեխնոլոգիաները, և կատարելագործվում էր նավիգացիան, վերջ պիտի դրվեր այս խորհրդավոր անհետացումներին: Սակայն իրականում այդպես չեղավ: Նավերի քանակը, որոնք անհետանում էին խորհրդավոր Բերմուդյան եռանկյունում, միայն ավելանում էր:

«Էլ Քերիբը» 1971 թ. նոյեմբերի կեսերին Կոլումբիայից ուղևորվեց Դոմինիկա: Անձնակազմում 30 մարդու առկայությունը բավարար էր՝ ղեկավարելու 113 մ երկարություն ունեցող նավը: Կապիտանն ակտիվորեն հաղորդակցվում էր ռադիոյով և հայտնում, որ պլանավորված ժամանումը կկայանա մեկ օրվանից, սակայն այդ ժամանումը տեղի չունեցավ: Ժամանակակից բեռնատար նավը կրկին անհետացավ եռանկյունու տարածքում:

Այո՛, սա հերթական անհետացումներից մեկն էր, սակայն այս իրադարձությունն առանձնանում էր մյուսներից որոշ հատկանիշներով: Նավն ամբողջապես նոր էր ու հագեցած ծանուցման ժամանակակից համակարգով: Վթարի դեպքում այն ազդանշան էր ուղարկում ավտոմատ ռեժիմով, առանց մարդու միջամտության: Սակայն այդ ազդանշանը, ցավոք, չի ուղարկվել:

5 «Էվենջեր» ինքնաթիռների կործանումը

Նոր էր ավարտվել Երկրորդ աշխարհամարտը, երբ 1945 թ. դեկտեմբերի 5-ին TBM-3 ինքնաթիռներն ուղևորվեցին մարզական թռիչքի: Ծովային հետևակի ամերիկյան կորպուսի 5 «Էվենջեր» ինքնաթիռների առաջադրանքը պարզ էր՝ անցնել ուղու երկու նշված կետերը, կատարել պրակտիկ ռմբակոծություն և վերադառնալ բազա:

Ըստ մասնագետների գնահատականների՝ այս առաջադրանքը կուրսանտները կատարել էին ռազմական գործողությունների ողջ ընթացքում, և ոչ մի անգամ խնդիր չի առաջացել: Ինքնաթիռները զինված էին նավիգացիոն համակարգով, ունեին ավտոպիլոտներ և վստահելի ռադիոկապ: Հրամանատարը լեյտենանտ Քերոլն էր, ով փորձառու օդաչու էր և գրագիտորեն էր գործում արտակարգ իրավիճակներում:

Խմբի հետ կապված խնդիրներն ի հայտ եկան, երբ ինքնաթիռները գտնվում էին Բերմուդյան կղզիներում: Կապ հաստատելով ռադիոյով՝ հրամանատարը հայտնել է, որ նրանք կորցրել են տարածության մեջ կողմնորոշումը, և կողմնացույցների աշխատանքը խափանվել է:

Արտակարգ դրության մասին անհապաղ տեղեկացվեց հրամանատարությունը: Նրանք սկսեցին օդաչուներին խորհուրդ տալ կողմնորոշվել արևի միջոցով և շարունակել թռիչքը: Այդ դեպքում ինքնաթիռները կհասնեին ԱՄՆ ափերին և հնարավոր կլիներ դրանց գտնել: Սակայն ինչ-որ բան այլ կերպ ընթացավ: Անձնակազմի անդամները դադարեցրին կապը: