Արցախի գեներալիտետի շուրջ խառնաշփոթը շարունակվում է


16:33 , 13 դեկտեմբեր, 2018

Այսօր արդեն ակնհայտ է, որ ինչ-որ կուլուարային լարված պայքար է գնում Արցախի գեներալիտետի շուրջ։ Հիշեցնեմ, որ երեկ երեկոյան տարբեր կայքերում չհաստատված տեղեկություններ հայտնվեցին, որ պաշտոնանկ են արվելու ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանն ու Արցախի ԱԱԽ Վիտալի Բալասանյանը։ Լուրն անտառային հրդեհի պես սկսվեց տարածվել, երբ Արշավիր Ղարամյանը սկզբում իր էջում տեղադրեց Լևոն Մնացականյանի նկարը, իսկ հետո իշխանական դե ֆակտո պաշտոնական ԶԼՄ «Հայկական ժամանակը» հրապարակեց մի լուր, որ, համաձայն իրենց տեղեկությունների, այսօր առավոտյան Բակո Սահակյանը ստորագրելու է համապատասխան հրամանագրեր։

Համացանցային տիրույթում լուրին հետևած բուռն արձագանքը կարծես սաստիչ ազդեցություն ունեցավ իշխանությունների վրա, մյուս կողմից՝ քաջալերեց արցախյան կողմին։ Ամբողջ գիշեր ու այսօրվա ընթացքում իշխանական միջոցները փորձում են լղոզել թեման, արցախյան կողմն էլ շարունակում է զգոնություն պահպանլ։ Հիմնական տրամաբանական ծուղակը, որ կիրառվում է իշխանական ֆեյսբուքյան լոբբիի կողմից, այն է, որ իբր այդ լուրերը հերքվել են։

Իրականում ոչ մի հերքում չի եղել։ Եթե ուշադիր կարդանք Արցախի նախագահի մամլո խոսնակի հայտարարությունը, ապա այնտեղ ուղղակի հերքում չկա, և չի ասվոմ, որ Լևոն Մնացականյանի և մյուսների հրաժարական չի լինելու, այլ ասվում է, որ եթե այդպիսի բան լինի, ապա դա կասվի իրենց կողմից։ Նույն կարգի լղոզված պատասխան էլ տվել է ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ ասելով, որ իրեն նման տեղեկություն հայտնի չէ։

Մյուս ասեկոսեն, որ շրջանառության մեջ դրվեց, այն էր, որ իբր Լևոն Մնացականյանն ինքն է նման դիմում գրել, ինչը, սակայն, հերքվեց հենց Մնացականյանի կողմից, բայց էլի նույն բովանդակության մեջ՝ հրաժարականի դիմում չեմ տվել, պաշտոնանկության մասին ոչինչ ասել չեմ կարող։ Կենացները գնալով քաղցրացան, երբ ցանցում հայտնվեցին նոր չհաստատված տեղեկություններ, համաձայն որոնցից մեկի՝ Մնացականյանին պաշտոնի բարձրացում են առաջարկել, ու նա կդառնա գլխավոր շտաբի պետ, իսկ մյուս լուրն այն էր, որ արդեն Արցախում է գտնվում ՊԲ նորանշանակ հրամանատրը՝ Կառլոս Աբրահամյանը։

Ամեն դեպքում, էս թոհուբոհը ոչ մի լավ բան չի հուշում, ու Փաշինյանի հերթական վենդետային հանգիստ կարելի է կասկածել, առավել ևս, որ տեղեկատվական այս հոսքերում գլխավոր դերակատարություններից մեկը հենց նրա լրատվամիջոցինն էր, որը, ի դեպ, այդպես էլ չի հերքել իր հրապարակած տեղեկատվությունը։ Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը, առավել ևս, որ դեռ չեմ ուզում խորանալ դավադրական տարբեր տեսությունների մեջ, չնայած որ գնալով ավելի ու ավելի եմ հակվում դրանց։