15:10 , 12 դեկտեմբեր, 2018168.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ևս երկու ամսով երկարաձգել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:
«Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- ասաց Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Նա նշել է, որ դատավորը դատական նիստերի դահլիճը դարձրել է ՀՔԾ-ի մասնաճյուղ:
«Զուգահեռներ եմ անցկացրել և նմանատիպ հոդվածներով մեղադրյալները ներկայումս ազատության մեջ են: Սրանք ցուցադրական որոշումներ են: Նախկին իշխանության օրոք կար արտահայտություն, որի դեմ հեղափոխություն եղավ՝ մեր դեմ խաղ չկա: Հիմա մի վարույթն իրականացնող մարմին ուղղակի մեզ ցույց է տալիս, որ՝ մեր դեմ խաղ չկա: Այսինքն՝ ուզում եք դատարան դիմեք, ուզում եք դատախազություն միջնորդություն ներկայացրեք, մեր դեմ խաղ չկա: Մենք սովոր ենք դրան, մենք ապրել ենք ուրիշ գործերով մեր դեմ խաղ չկայի մեջ: Հիմա մեր դեմ է չոքել, կշարունակենք պայքարել»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: