Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՌԴ ռազմական կցորդի առաքելության ավարտի կապակցությամբ


14:40 , 10 դեկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին` պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար:

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին, մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: