Տաքսու վարորդն ուզեցավ Նորքի հոգեբուժարանի դարպասներից ներս անցնել:- Չեն թողնի,- ասացի,- ես էլ էստեղի աշխատող չեմ համարվում: Վարորդը պնդեց.- Չէ, պիտի մտնենք:Հայտնվեց ղարաբաղցի Սվետը, որը ութսունն անց տատիկ է ու անհիշելի ժամանակներից պահակություն է անում: Ինչ գիտեմ նրան, միշտ ծեր, բայց աշխույժ տատիկ է եղել ու երբեք չի փոխվել: Հետո, երբ սկսել էի հոգեբուժարան ոտքով գալ, կանգնեցնում, հարցնում էր, թե մամաս-պապաս ինչ են աշխատում, որ այլևս տաքսիով չեմ գալիս:
Սվետը չի ուզում դուռը բացել:- Ձեր աշխատողին եմ բերել,- ասում է վարորդը:Սվետը կասկածամտորեն ներս է նայում, տեսնում ինձ, բայց երևի չի մտաբերում: Ամեն դեպքում, դուռը բացում է ու մեքենան ներս թողնում:
Նորքը չի փոխվել: Նորից նույն ցուրտն է ու պլիտաների մոտ կծկված աշխատակիցները: Ամեն ինչ` սկսած թեյնիկից, վերջացրած աթոռներով, իր տեղում է: Իրենց տեղում են նաև ղեկավարները: Աշխատողներն էլ նույն մարդիկ են, ոչ մի նորություն չկա: Ասենք, երկու տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց, որ չորս ամսում փոխվեր:
Բաժանմունքում նորից հիվանդը բժշկի հետ կռիվ է անում: Վարորդական իրավունք են փոխում, հաշվառման մեջ եղողները պիտի Նորք գան, եզրակացություններ ստանան: Ասում են` ժամանակին ինչ-որ ախտորոշմամբ բանակից ազատվածները հիմա եկել, կռիվ են անում, թե մենք հիվանդ չենք, մեզ վարորդական իրավունքից մի զրկեք: Սպառնում են, թե նախարարին կդիմեն: Բժիշկները ձեռքները կրակն են ընկել:
Նայում եմ էնտեղ աշխատողներին` երկու տարվա ընթացքում ինձ սիրելի դարձած մարդկանց: Նայում եմ ու մտքիս մեջ ասում, որ ճիշտ որոշում էր գնալը: Իսկ այս մարդիկ, որոնք դեռ այնտեղ աշխատում են, ուղղակի հերոսներ են: Ես չկարողացա մնալ. էդքան ուժ չունեի: