«Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու հիմք չկա». Արթուր Վանեցյան


12:15 , 9 դեկտեմբեր, 2018

Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ իր կողմից արված առերևույթ հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու, նա չի ներկայացել ԱԱԾ, չի ներկայացրել որևէ հիմնավորող փաստարկ, այլ հայտարարել է, որ դա քաղաքական հայտարարություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նաև կոչ արեց ազատամարտիկներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր կունենան կամ ունեն տեղեկություններ, որոնք կհիմնավորեն այն պնդումը, որ Արցախին կամ ՀՀ-ին վերաբերող որևէ սպառնալիք կա, այսինքն՝ կա դավադրություն, որի հետևանքով պետք է հանձնվի Արցախը կամ Արցախից որևէ մաս, գան ԱԱԾ և հաղորդում տան:
Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելուն, Արթուր Վանեցյանն ասաց, որ նրան բերման ենթարկելու հիմք չկա. «Եթե մարդը հրաժարվում է գալուց, դա ենթադրում է, որ ինչ-ինչ մասեր է հետապնդել մարդու հայտարարությունը, բերման ենթարկելու հիմք չունենք, եթե մարդը հայտարարություն է անում, որից հետո ինքը չի գալիս և դրան պաշտոնական տեսք չի տալիս, չի պնդում, բերման ենթարկելու հիմք չկա, բոլորը կգնահատեն՝ Դավիթ Շահանազարյանի ասածները արժեք ունենք, թե չունեն»:

Հարցին, թե երկրորդ անգամ կալանավորվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր հանդեպ անձնական վենդետա է իրականացվում, ՀՀԿ-ն ևս հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր, որ այդ կալանավորումը իրավապահների կողմից ընդդիմախոսներին ճնշելու, վախեցնելու քայլ է նախընտրական շրջանում, ինչպե՞ս կմեկնաբանի ինքը, Արթուր Վանեցյանն ասաց. «Ուրեմն՝ Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, ՔՕ-ում կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը:

Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, դատարանում ամեն ինչ պարզ կլինի»: