Քոչարյանի կալանավորումը կազմակերպվել է նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու նպատակով. ՀՀԿ


22:05 , 7 դեկտեմբեր, 2018

Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել: 

Ինչպես և սպասվում էր, վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի 1-ին նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել: 
 
Ակնհայտ է, որ իշխանությունը և Ն. Փաշինյանն անձամբ այս կալանավորումը կազմակերպել են նաև նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու, ուժի ցուցադրության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումերը սաստկացնելու նպատակով։ 
 
Պետք է փաստել, որ Ն. Փաշինյանը շարունակում է խաթարել բոլոր հնարավոր սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը` սպառնալիքներով և այլ եղանակներով: Ակնառու է նաև, որ դատական իշխանությունը իր բոլոր ատյաններով հանդերձ դարձել է գործադիր իշխանության կցորդը և կատարում է քաղաքական իշխանության պատվերը: 
 
Ամենավտանգավոր բանը, որ կիրառում են այս իշխանությունները, կալանքի ընտրությունն է որպես ցուցմունք կորզելու միջոց:
 
Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր առիթներով խոսել են այն մասին, որ կալանավորումը ` որպես խափանման միջոց, պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, բայց ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, սրանք ևս լոկ բառեր են: Արդյունքում կալանքը ծառայում է ոչ թե իր սահմանադրական նպատակին, այլ դարձել է շանտաժի և ցուցմունք կորզելու գործիք: Այդ մասին վկայում է Ն. Փաշինյանի հրապարակային արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև հայտնի գաղտնալսումների բովանդակությունը:
 
Այս առնչությամբ հրավիրում ենք բոլոր միջազգային կառույցների, ինչպես նաև միջազգային դիտորդների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, քանի որ ներկա քաղաքական վիճակում մեր երկրի իրավասու և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելն անիմաստ է: