Սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջն է


16:10 , 7 դեկտեմբեր, 2018

Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարելով իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ:

"Իշխանափոխությունը" Հայաստանի վերջին 25 տարվա քաղաքական պատմության կենտրոնական գաղափարն ու նպատակն է եղել: Մինչ այժմ եղած բոլոր շարժումների նպատակն իշխանափոխությունն է եղել:

Ֆրոյդի պսիխոանալիզի "կրկնվող երազներին" նիրված տեսության հիմքում այն միտքն է, որ դրանցից ազատվելու համար պետք է արթմնի վիճակում այդ գաղափարն իրականացվի: Միայն իրականացում հետո են մարդիկ ազատագրվում և վերադառնում իրականություն:

Իշխանափոխությունը կատարվել է, հիմա իրականության գիտակցության ժամանակն է, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ մենք մտավոր դատարկության մեջ ենք հայտնվել:

Ապրիլյան իրադարձությունների հիմնական կարգախոսներից էր "Նոր Հայաստան" կառուցելը: Արդյոք մենք հիմա Նոր Հայաստանում ենք ապրում:

Այս ինտելեկտուալ դատարկությունն և ապակողմնորոշված վիճակը հուշում է, որ սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջն է: Մենք դեռևս Հին Հայաստանում ենք ապրում, բայց դրա վերջին փուլում և դրա ախտորոշումը այն դատարկության զգացողությունն է, որն արտահայտվում է քաղաքական դեբատներում, այսինքն դրանց բացակայության մեջ:

Աշխարհի ստեղծման մասին եղած բոլոր միստիկական ու գիտական տեսություններում տիեզերքն առաջացել է դատարկությունից` վակումից: Այս մտավոր վակումը Նորի ստեղծման նախապայմանն է: Եկող խորհրդարանը մտավոր վակումի խորհրդարանն` դրա կանխատեսվող կազմը հենց այդ դատարկության արտահայտությունն է լինելու:

Նոր Հայաստանը կարող է ստեղծվել այս խորհրդարանից դուրս և լավ է, որ խորհրդարանական ուժերը արգելափալված կլինեն պառլամենտի շենքում և չեն խանգարի այդ գործընթացին: