Վերացվել են թռչնամթերքի ներմուծման սահմանափակումները Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից


12:50 , 6 դեկտեմբեր, 2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի, միջադիրների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաև Նիդերլանդների տնտեսական հարցերի և կլիմայի քաղաքականության նախարարության կողմից ստացված պաշտոնական գրությունը: