ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:
Նա նշեց, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծելու ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6-ամսյա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգի, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 1-ն է:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հստակեցրեց, որ այն մեքենաները, որոնք կուտակված են մաքսակետում և այն մեքենաները, որոնք մինչև մարտի մեկը կհայտնվեն մաքսակետում, հնարավորություն կունենան այս մեխանիզմով փոխելու ղեկը և շահագործելու:
Նա հետաքրքրվեց, թե արդյոք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հիմնականում այս մոտեցմանը կո՞ղմ են և ստացավ դրական պատասխան: