Երեկվա բանավեճի ու, ընդհանրապես, սպասվող ընտրությունների մասին


11:24 , 6 դեկտեմբեր, 2018

Երեկվա բանավեճը հերթական անգամ ի ցույց դրեց մեր քաղաքական դաշտի ողջ թշվառությունը, ու թերևս հենց էս պատճառն իմ համար էն ուղենիշերից էր, որից ելնելով՝ եկող ընտրություններում չսատարեցի որևէ ուժի: Այն, ինչ կատարվում էր երեկ Հանրայինի տաղավարում, ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկրին քաղաքական դաշտի թարմացում է անհրաժեշտ: Մինչև ապրիլյան իշխանափոխությունը գործող անխտիր բոլոր քաղաքական ուժերը սպառել են իրենց, իսկ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն իշխանափոխությունից հետո քարտ բլանշ է ստացել ամբողջական իշխանություն ձևավորելու: 

Երեկվա բանավեճին մասնակցող 11 ուժերից 8-ը Նիկոլ Փաշինյանի սատելիտներ էին դիրքավորված, իսկ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի առաջին համարները շատ թույլ էին` չնայած նրան, որ միակ արժանի ընդդիմությունն են այս պահին: Էդմոն Մարուքյանն ու Արթուր Բաղդասարյանը նույն քաղաքական վարվելակերպն ունեցող գործիչներ են, Ծառուկյանն ինքն էլ չգիտի՝ ինչի ա մնում քաղաքականության մեջ, մարդասպանների մասին ասելիք չկա, Արամ Սարգսյանը՝ ևս, ցավոք սրտի, քաղաքականության մեջ սպառել է իրեն ու ընդհանրապես նոր ասելիք չունի, ՔՈ ՍԴԿ-ի առաջին համարն ընդհանրապես կմկմալու և հոդաբաշխ միտք չձևակերպելու ռեկորդ սահմանեց, իսկ մնացածի մասին անիմաստ է խոսել: 

Ամսի 9-ին ՀՀ քաղաքացին շատ դժվար ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ ընտրել «հեղափոխությունը», որը բացառապես Նիկոլ Փաշինյանն է, կա՛մ որպես ընդդիմություն ստիպված ընտրել Հանրապետականին, որն այդպես էլ ամբողջությամբ չընդունեց իր սխալները: 

ՀԳ. Դեկտեմբերի 9-ից հետո դաշտում առկա մեծ վակուումը, եթե նոր ավելի երիտասարդ և մաքուր մարդկանցից բաղկացած քաղաքական ուժով չլցվի, շատ վտանգավոր հետևանքներ ենք ունենալու հենց մի քանի ամիս հետո: Վերոգրյալ ուժի ստեղծման մասին պետք է շատ լուրջ մտածել, և որքան շուտ ուրվագծվի էդ ուժի «ով-ինչ» լինելը, այդքան ավելի լավ ՀՀ-ի համար: Համենայն դեպս, թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՔՊ-ն ՀՀ-ին լուրջ ծառայություններ չեն կարող մատուցել, իսկ նորելուկ ՕԵԿ-ներն ու բիզնեսմեն տղերքը քաղաքականության մեջ լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց մատուցած ծառայություններից օգտվելու պատրաստակամություն ունեցող իշխանությունն ու քաղաքական համակարգը գոյություն ունեն: 

ՀԳ. 2. Հուսով եմ՝ շատ պարզ և հասկանալի արտահայտեցի իմ պատկերացումներն ու դիրքորոշումը, և հետագա էժանագին քաղաքական շահարկումների հեռանկարն այսքանով փակված է: