Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը. Արմեն Սարգսյան


19:50 , 5 դեկտեմբեր, 2018

«Ինչպես որ այսօր, այսուհետ ևս գալու եմ ու գնալու եմ մի օր թատրոն, մի օր թանգարան, օրինակ ծառայեմ մեր հայրենակիցներին»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը և շեշտել. «Մարդկանց հրավիրեք Գյումրի»։

Հանրապետության նախագահը, ով աշխատանքային այցով գտնվում է Շիրակի մարզում, զբոսնել է Գյումրիի փողոցներում, զրուցել քաղաքացիների հետ, ողջունել նրանց:

Նախագահին ջերմությամբ են ընդունել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում, որտեղ հանդիպել է իր հին ծանոթներին՝ Միքայելին, Գրիշային, Հովհաննեսին և մյուսներին, որոնց հետ ծանոթացել էր դեռևս նախորդ այցի ժամանակ: Հանրապետության նախագահը դատարկաձեռն չէր եկել: Նա նվերներ է հանձնել իր հին բարեկամ երեխաներին, թեյել նրանց հետ ու ճաշակել նրանց իսկ պատրաստած քաղցրավենիքը:

Նախագահը և տիկին Սարգսյանը կանգ են առել նաև Herbs and Honey սրճարանում, թեյել այնտեղ, զրուցել այցելուների հետ։

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է.«Անհրաժեշտ է նորից բացահայտել մեր հայրենիքը, և դա պետք է տեղի ունենա նախ և առաջ մեր՝ հայաստանցիներիս միջոցով: Եթե հայաստանցին չի գնում Գյումրի, Լոռի, ինչպես կարող են ուրիշները գալ»։

Նախագահն ասել է, որ իր արտերկրյա այցերի ժամանակ Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման խնդիրները քննարկում է տարբեր մասնագիտացած ընկերությունների ու կազմակերպությունների հետ։«Ես փորձելու եմ և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ նպաստել Գյումրիի վերականգնմանը»,- ասել է նախագահը՝ նշելով. «Գյումրիում կարելի է հանգստանալ, ժամանակ անցկացնել: Կարելի է գալ առանց առիթի, թեկուզ մի քանի ժամով գալ, շրջել»:

Գյումրի այցի ընթացքում հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել քաղաքի Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում։