«ՀՀ ռեստորանները մեկ օրով կփակվեն՝ ի նշան բողոքի»․ Հայաստանի ռեստորանների միություն


12:20 , 5 դեկտեմբեր, 2018

Հայաստանի ռեստորանների միության նախագահ Աշոտ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում նկար է տեղադրել՝ «Լուրջ գրառում հումորային նկարով» վերնագրով․

Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները՝ ի նշան բողոքի։ Այս մասին տեղեկանում ենք միության ֆեյսբուքյան էջից:

Նրանք նշում են, որ տեւական ժամանակ է, ինչ նամակներ են գրում վարչապետին, ՊԵԿ-ին, հայտարարություններ տարածում՝ դժգոհելով նոր հարկատեսակներից, որոնք դժվարությունների առաջ են կանգնեցրել նրանց՝ ազդելով գների բարձրացման վրա։

Միության հայտարարությունում ասվում է, որ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ռեստորանների միության նախաձեռնող խմբի հերթական հանդիպումը. «Խումբը հերթական նամակը հղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ռեստորանների ներկայացուցիչները կայացրին եւս մեկ կարեւոր որոշում`

- բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ։

Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից եւ արտահայտում է միայն բիզնես շահեր և տնտեսության բնականոն զարգաման վտանգի ահազանգ: Այն դրդված է հետեւյալ պետական մարմինների անգործությունից` ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարություն:

Մեր առաջարկները ներկայացված են մանրամասն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն կայացած հանդիպման ժամանակ»:

Հղումն՝ այստեղ։