Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՍՈւ-25 ինքնաթիռի վթարի հեևանքով զոհված օդաչուների ընտանիքներին


15:10 , 4 դեկտեմբեր, 2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման և զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: «Խորապես ցնցված եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման և զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու ծանր լուրից:

Վստահ եմ, որ օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը, իսկ կատարվածը որևէ կերպ չի անդրադառնա զինված ուժերի անձնակազմի մարտական ոգու վրա:

Ծանր կորստյան այս պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին, կիսում նրանց անփարատելի վիշտը և մաղթում եմ ոգու արիություն»,-ասված է Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: