Ինչպես ճնճղուկների դեմ պայքարը հանգեցրեց 30 միլիոն մարդու մահվան ու մեծ սովի


20:30 , 4 դեկտեմբեր, 2018

Մաո Ցզեդունը հայտնի կերպար էր, կոմունիզմի մեծ հետևորդը, Չինաստանի ղեկավարը, որը հռչակեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Ստալինի մահից հետո նա համարվում էր մարքսիստական գործիչներից ամենաազդեցիկը։

9 տարի առաջնորդելով երկիրը՝ Մաո Ցզեդունը որոշեց գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում բարեփոխումներ իրականացնել, որպեսզի «ոտք գցի» Արևմուտքի հետ։ 1958-ին նա հայտարարեց «պատերազմ սկսելու մասին» ճնճղուկների դեմ, որոնք «սև ցուցակում» էին գտնվում առնետների, մրջյունների և մոծակների հետ միասին։ Վերջին երեք «թեկնածուների»՝ «սև ցուցակում» հայտնվելու փաստը զարմանալի չէր, սակայն ինչո՞ւ հենց ճնճղուկները...

Ահա թե որն էր խնդիրը. նախնական հետազոտություն էր իրականացվել, որի արդյունքները ցույց էին տվել, որ 10 ճնճղուկը տարվա ընթացքում ուտում է 45 կգ ցորեն։ Գիտնականները նաև հաշվարկել էին, որ յուրաքանչյուր միլիոն ճնճղուկ ոչնչացնելիս կնայեն այնքան ցորեն, որքան կհերիքի 60 000 մարդու կերակրելու համար։

Ստանալով այդ տեղեկությունը՝ Մաո Ցզեդունը հայտարարեց պատերազմի մասին, որը հետագայում կոչվեց Մեծ ճնճղուկային պատերազմ։ Նա հորդորեց յուրաքանչյուր բնակչի պայքարել ճնճղուկների դեմ՝ ինքն իր համար լուսավոր ապագա ապահովելու համար։ Այսպիսով՝ միայն 1958 թ. դեկտեմբերի 13-ին 194 432 «թշնամի» ոչնչացվեց։ Իսկ ամբողջական արշավի ժամանակ շուրջ միլիարդ թռչուն վերացվեց, և արդյունքում այս թռչնատեսակն ամբողջովին վերացավ Չինաստանից։

Սակայն Չինստանի առաջնորդը հաշվի չէր առել մի հետաքրքիր փաստ. ճնճղուկները միջատների թշնամիներն են, այդ թվում նաև՝ մորեխների, որոնք, ինչպես հայտնի է, չափազանց մեծ վնաս են հասցնում բերքին, հետևաբար, Չինաստանում կտրուկ աճեց մորեխների թիվը, որոնք էլ խոշոր վնաս հասցրին բերքին։

Ավելի ուշ Մաո Ցզեդունը հասկացավ, որ իր որոշումը հանգեցրել է էկոհամակարգում ներդաշնակության խաթարման։ Շուրջ 30 միլիոն մարդ մահացավ սովից։ Նա հրամայեց Խորհրդային Միությունից ճնճղուկներ «ներմուծել», սակայն դա չօգնեց, քանի որ ադապտացիայի ու տարածման համար երկար ժամանակ էր անհրաժեշտ։ Արդյունքում սկսվեց ժամանակաշրջան, որը գիտնականները կոչում են Մեծ չինական սով (1958-1961)։