84-ամյա Ստեփան պապը մահանում է անուշադրությունից ու անտարբերությունից. նրան շտապ խնամակալ է անհրաժեշտ


15:15 , 3 դեկտեմբեր, 2018

84-ամյա Ստեփան Թունիելը սոցիալապես և առողջապես ծայրահեղ վիճակում է։ Նա միայնակ է ապրում Մասիս քաղաքի կիսախարխուլ տանը, ու արդեն երկար ժամանակ է՝ ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել։ Մոտ մեկ տարի է, ինչ ընկել է ու վնասել ազդրոսկրը։ Վիրահատությունից հետո,  սակայն, Ստեփան պապիկին չի հաջողվել ամբողջությամբ վերականգնվել անհրաժեշտ խնամքի բացակայության պատճառով։ Նա այժմ գամված է անկողնուն։ BlogNews.am-ի հետ զրույցում ծերունու ազգականուհին տեղեկացրեց, որ Ստեփան պապը խնամակալի կարիք ունի. «Անկողնուց պարբերաբար ընկնելուց Ստեփան պապի մոտ առաջացել են վերքեր և արդեն պարկելախոցեր։ Հիվանդանոցներն առանց խնամակալի չեն ընդունում հիվանդին, իսկ ծերանոց այսպիսի վիճակով չեն վերցնում»,- ասաց Մարինան ու ավելացրեց, որ ծերունու թոշակը հազիվ բավականացնում է անհրաժեշտ մի քանի դեղորայք գնելու համար։

Ստեփան պապը մոտ 30 տարի առաջ Բաքվից է տեղափոխվել Հայաստան։ Նա ապրում է տարրական կենցաղային պայմաններից զուրկ տանը։ Մարինայի խոսքով՝ հատկապես ձմռանն այստեղ անհնար է. տանիքից կաթում է, իսկ ջարդված պատուհաններից քամին սուրում է տան մեջ. «Նրան երբեմն այցելության են գալիս քույրն ու ես։ Նույնիսկ զարմանում ենք, թե այս պայմաններում ինչպես է կարողանում գոյատևել Ստեփան պապը։ Մեր միակ խնդրանքն այն է, որ օգնեն պապիկին որեւէ խնամքի կենտրոնում տեղավորել։ Մեզ համար ամեն օրը կարևոր է»։

Խնդրում ենք սրտացավ մարդկանց ու կազմակերպություններին աջակցել Ստեփան պապին՝ դուրս գալու ծայրահեղ վիճակից։ Խեղճ ծերունին մեր ուշադրության ու հոգատարության կարիքն ունի։ Ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 099 62 44 08։

47284424_364231590806699_5633196989953867776_n47379641_483201355504037_5333907932008415232_n47502298_580053159107669_4631847548397551616_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի