Բարի երկուշաբթի «Կարասում». Ձեր պատվերի 5%-ը փոխանցվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը


13:40 , 3 դեկտեմբեր, 2018

Դեկտեմբերի 3-ից «Կարաս» ազգային սննդի ցանցը «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կմեկնարկի «Բարի երկուշաբթի» ակցիան: Ամեն երկուշաբթի յուրաքանչյուր առաքման պատվերի գումարի 5%-ը կփոխանցվի բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին: Բարեգործական ակցիայի շրջանակներում հավաքված գումարը հատկացվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների աջակցմանը:

«Երեխաները մեր երկրի ապագան են, մեր գործի ու գաղափարների ժառանգորդները, մեզ համար թանկ է յուրաքանչյուր ժպիտ: Քաղցկեղով հիվանդ փոքրիկները մեզնից յուրաքանչյուրի աջակցության և հոգատարության կարիքն ունեն: 
Տարիներ շարունակ, առաջնորդվելով ազգային արժեքների պահպանմամբ և ամրապնդմամբ, «Կարաս» ազգային սննդի ցանցը բարեգործական տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել  և իր լուման ներդրել երկրի զարգացման գործում: Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների թվի ավելացումը ևս կարևոր խնդիր է մեզ համար, և չէինք կարող անտարբեր աչքերով նայել մեր աջակցության կարիքն ունեցող երեխաներին: Այս ակցիան փոքրիկ, բայց զգալի խթան կհանդիսանա Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացման մեծ ու պատասխանատու գործում: Միավորելով բոլորիս ուժերը՝ մենք կարող ենք փրկել մի փոքրիկի կյանք
»,- մեկնաբանեց «Կարաս» ազգային սննդի ցանցի համասեփականատեր Աշոտ Հարությունյանը:

Հավելենք, որ «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի օգնի քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող մարդկանց, նպաստի Հայաստանում ուռուցքաբանությանը և արյունաբանության շարունակաբար զարգացմանը, ինչպես նաև աջակցի բժիշկներին և բուժհաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշման և բուժման գործընթաց իրենց հիվանդների համար։