«Դուք գոնե հասկացե՞լ եք, թե ում դեմ եք դուրս եկել և ում դեմ եք նստացրել Արմեն Գրիգորյանին». Արտուշ Աղաջանյան


16:02 , 1 դեկտեմբեր, 2018
Երևում է՝ Փաշինայնը չի հանգստանում զուտ հրապարակային հռետորաբանությունից ու հաթաթաներից և որոշվել է լրջով լծվել Արցախի վերնխավի հետ դիմակայությանը։ Որոշել է և իր բանագնաց Արմեն Գրիգորյանին է ճամփել Արցախ՝ հանդիպելու այնտեղի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

Լո՞ւրջ եք ասում, տղերք։ Էդ կարգի գերագնահատո՞ւմ եք Ձեզ, մի բան էլ հպարտորեն լուսանկարներ եք տարածում։ Էս ձեր ֆարսի վերջը գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայկական երկու պետությունների համար։ Դուք գոնե հասկացե՞լ եք, թե ում դեմ եք դուրս եկել և ում դեմ եք նստացրել Արմեն Գրիգորյանին։

Չկա իրավիճակը ավելի լավ իլյուստրացնող դետալ, քան ԱԽՔ հրապարակած այս լուսանկարն է։ Մի կողմում նստած են Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը, ով թուրքի ահ ու սարսափն է եղել, հայտնվել է գերության մեջ, բայց չի կոտրվել։ Նստած է Արցախի հերոս Բալասանյան Վիտոն, որ Ասկերանի ճակատի հրամանատարն է եղել, Աղդամն է վերցել ու նույն Արշոյին է գերությունից ազատել, մարդ, ով զբաղեցրած դիրքով ու կռվում ունեցած ավանդով նույն հարթության վրա է, ինչ Մոնթեն։ Նստած է Արցախի բանակի հրամանատարը, ում հրամանատարության օրոք Արցախի բանակն ու շփման գիծը դարձան առավել հզոր ու անառիկ, քան երբևէ։

Իսկ ո՞վ է նստած նրանց դեմ։ Արմեն Գրիգորյանը՞։ Իսկ ի՞նչ նշանակալից բան է արել Արմեն Գրիգորյանը իր կյանքում, բացի նրանից, որ Սորոսի կազմակերպություններից մեկում ծրագրերի ղեկավար է եղել, մեկը կասի՞։ Ու ի՞նչ ասելիք ունի նա թվարկածս մարդկանցը։

Հանգստացե՛ք, տղե՛րք, էս ճաշը, որ դուք եփում եք, չեք կարողանալու մարսել։ Կարող է այնպես լինի, որ ազգովի չկարողանանք մարսել ու ինչքան էլ հրճվանք առաջացնի, որ առաջիին հերթին դուք չեք մարսի, դա հնարավոր կորուստները դույզն ինչ չի թեթևացնի։ Խելքի՛ եկեք։