Արտակ Բեգլարյան. Վաղ թե ուշ Արցախը պետք է միանա Մայր հայրենիքին


15:20 , 1 դեկտեմբեր, 2018

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1989թ. դեկտեմբերմեկյան որոշման տարեդարձի առթիվ նշեմ, որ վաղ թե ուշ Արցախը վերջիվերջո պետք է միանա Մայր հայրենիքին:

Այս նպատակի շուրջ շատերն են միակարծիք, քննարկման ու բանավեճի ենթակա է ավելի շատ լավագույն մեխանիզմի ու պահի ընտրության հարցը:

Մեկ ազգ, մեկ հայրենիքն իրականություն է, մնում է դրանց ավելանա մեկ պետականությունը...»։

Հիշեցնենք, որ 1989-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդը համատեղ նիստում որոշում են ընդունել ճանաչել ԼՂ լիազոր ներկայացուցիչների համագումարը և ազգային խորհուրդը՝ որպես մարզի միակ օրինական իշխանություն։ Որոշման 3-րդ կետով հռչակվել է ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու փաստը և մարզի բնակչության վրա տարածել ՀԽՍՀ քաղաքացիության իրավունքները։

ՀԽՍՀ գործադիր իշխանություններին հանձնարարվել է «իրականացնել ՀԽՍՀ և ԼՂԻՄ քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցների միաձուլումը միասնական պետական քաղաքական համակարգում»:

Այդ որոշմանը հաջորդել են կազմակերպված ջարդերը Բաքվում։