Խեղաթյուրված իրականություն. 5 ամենահազվագյուտ հոգեկան հիվանդությունները


21:00 , 1 դեկտեմբեր, 2018

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների՝ մեր օրերում հոգեկան հիվանդություններով է տառապում ավելի քան 450 միլիոն մարդ։ Ախտորոշման օբյեկտիվ եղանակների բացակայության պատճառով հոգեկան հիվանդությունները հոբեբուժության ամենավիճահարույց ոլորտն են կազմում։ Եվ եթե այնպիսի տերմիններ, ինչպիսիք են դեպրեսիան, շիզոֆրենիան և անորեքսիան, մուտք են գործել մեր կյանք և այլևս ոչ ոքի զարմանք չեն պատճառում, ապա կան այնպիսի խանգարումներ, որոնց էությունը չեն կարողանում բացահայտել անգամ լավագույն մասնագետները։

Քափգրայի պատրանք

Օրինակն այն բանի, թե ինչպես կարող է հոգեկան հիվանդությունը փոխել մարդու կողմից իրականության ընկալումը, Քափգրայի պատրանքն է, կամ, ինչպես գրականությա մեջ այն հաճախ անվանում են, «նմանակների» պատրանքը քրոնիկական զառանցանքով։ Առաջին անգամ խանգարումը նկարագրել է ֆրանսիացի հոգեբույժ Ժոզեֆ Քափգրան 1923-ին։ Սինդրոմի առկայության դեպքում մարդը վստահ է լինում, որ իր մոտ շրջապատից որևէ մեկին, կամ անգամ հենց իրեն, փոխարինում է նմանակը։ Հիվանդները հավատում են, որ այդ նմանակնեն իրենց վատն են ցանկանում և վնասում են իրենց։ Հիվանդության երկու ձև գոյություն ունի. երբ հիվանդին թվում է, թե նա իսկապես տեսնում է նմանակին, և երբ նմանակը մնում է աննկատ։ Գիտնականները մինչ օրս չեն կարողանում նշել արտասովոր հիվանդության հստակ պատճառները։

Սինդրոմի պարադոքսն այն է, որ հիվանդներն ունակ են ճանաչելու ծանոթների դեմքերը, սակայն հրաժարվում են ընդունել, որ դրանք հենց իրենց ճանաչած մարդիկ են։ Սակայն դոկտոր Բաուերի և մի շարք այլ գիտնականների վերջին հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ պատճառը թաքնված է ծանոթ դեմքերին զգացմունքային արձագանք տալու բացակայության մեջ։ Դա ապացուցել է փորձը, որի ժամանակ Քափգրայի սինդրոմով տառապող մարդիկ ճանաչել են նրանց ձայները, որոնց նմանակներ են համարել, երբ կողքի սենյակից բարձրախոսով խոսել են նրանց հետ ծանոթ մարդիկ՝ առանց դեմքը ցուցադրելու։

Ֆրեգոլիի սինդրոմ

Նախկին հոգեկան շեղման հակառակը Ֆրեգոլիի սինդրոմն է, որի դեպքում մարդկանց թվում է, որ նրանց շրջապատող անծանոթներն իրականում ծանոթներ են, որոնք պարզապես հմտորեն ծածկվում են։ Սինդրոմը հաճախ ուղեկցվում է անդադար հետապնդման զգացումով։ Հիվանդությունը կապված է ուղեղի՝ դեմքերը ճանաչել կարողանալու ունակության խանգարմամբ և առավել հազվադեպ է հանդիպում, քան Քափգրայի պատրանքը։

Պարզելով տվյալ հիվանդության պատճառը՝ գիտնականները կարողացել են նաև դեղամիջոցներ ստեղծել։ Բուժումը բարդանում է, երբ պարզվում է, որ հիվանդն ունի նաև այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, շիզոֆրենիան և երկբևեռ աֆեկտիվ խանգարումը։

Ապաանձնավորում

Եթե նախորդ երկու հիվանդություններով տառապող մարդկանց մոտ խանգարված է շրջապատը ճիշտ ընկալելու ունակությունը, ապա ապաանձնավորման դեպքում մարդն ի վիճակի չի լինում ինքն իրեն պատշաճ կերպով ընդունելու։ Այս հոգեկան հիվանդությունը տանում է նրան, որ հիվանդը մեկուսանում է սեփական կյանքից և սկսում է ինքն իրեն դիտարկել կողքից։ Արդյունքում հիվանդը համոզված է լինում, որ չի կարող ազդել իրադարձությունների ընթացքի վրա և կորցնում է կյանքի նկատմամբ հսկողությունը։

Սինդրոմիմասին առաջին հիշատակումներն արվել են ֆրանսիացի հոգեբույժ Ժան-Էտյեն Էսկիրոլի աշխատություններում 1838-ին։ Խանգարումը գրեթե միշտ ծագում է որպես հոգեկանի պաշտպանողական ռեակցիա՝ հուզական ուժգին ցնցման դեմ։ Երկարատև ապաանձնավորումը քայքայում է հոգեկանը և հաճախ կարող է հանգեցնել ինքնասպանության։

Թայջին Կիոֆուսո

Գոյություն ունեն մի շարք հոգեկան հիվանդություններ, որոնք մշակութային և պատմական ավանդույթների ուժով ունենում են միայն մարդկանց հստակ խմբեր։ Նման հիվանդությունների թվին է պատկանում միայն Ճապոնիայում հանդիպող Թայջին Կիոֆուսոյի խանգարումը։ Սամուրայների երկրում հասարակական կարծիքը մինչ օրս չափազանց մեծ ազդեցություն է ունենում մարդկանց անձնական կյանքի վրա։ Թայջին Կիոֆուսոյով տառապող անձինք վախենում են անզգույշ շարժումներով, բառերով կամ անգամ մարմնի հոտով անհանգստացնել շրջապատի մարդկանց։

Մեն նահանգի թռչող ֆրանսիացու սինդրոմ

Մեն նահանգի թռչող ֆրանսիացու սինդրոմը հոգեբույժներն անվանում են անադեկվատ ուժգին ռեակցիա անսպասելի ձայներին և գործողություններին։ Իր յուրօրինակ անվանումը խանգարումը ստացել է շնորհիվ ամերիկացի նյարդաբան Բիրդի, ով 1878-ին առաջին անգամ հայտնաբերեց այս սինդրոմի ախտանշանները ֆրանսիական ծագում ունեցող անտառահատների մոտ, որոնք այդ ժամանակ ապրում էին Մեն նահանգի հյուսիսում։

Գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացատրել այս խանգարման էությունը։ Եվ չնայած որ այն բուժման ենթակա է, այդ բուժման արդյունավետությունը հաաբերական է։ Այսպիսի հիվանդներին եթե բարձրաձայն ինչ-որ բան հրամայեն, նրանք դա անհապաղ կանեն, անգամ եթե գործողությունը վտանգավոր լինի նրանց կյանքի կամ առողջության համար։