Մի փոքր դիտարկում երեկվա Արմեն Աշոտյան-Ռուբեն Ռուբինյան «Դեմ առ դեմ»-ից


21:09 , 30 նոյեմբեր, 2018

Նախ կարելի է նշել, որ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ի զարմանս ինձ, ՀՀ փոխարտգործնախարարը առանց այդ էլ զերծ չէր մնում ներքաղաքական արձագանքներից, ինչը ինքնին անթույլատրելի է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կամ նրա տեղակալների համար:

Պարոն Ռուբինյանը (ինչպես ինքն էր պնդում իրեն անվանել), դրսևորում էր դիվանագետին ոչ վայել պահվածք: Եթե դիվանագետ է դառնալու, մի քանի աշխատություն կա, որը must read է հանդիսանում դիվանագետ դառնալ ցանկացողի համար, որոնք կօգնեն ըստ պատշաճի ներկայանալ նմանատիպ բանավեճերում: 
Ինչ վերաբերում է Ռուբինյանի խոսելաոճին: Սա ըստ էության ատելության խոսքի քարոզ էր (hate speech): Եթե սա սխալ, կամ սխալի արդյունք է, ապա շատ վատ է: Եթե դուք ուզում եք դիվանագետ դառնալ, ապա պետք է իմանալ, որ նման պահվածքը ոչ միայն դիվանագետին, այլ նաև քաղաքական գործչին վայել չէ: Եթե սա նպատակադրված է, ապա ավելի վատ ձեզ համար, դուք ոչ մի նշանակալից բանի ձեր կարիերայում չեք հասնի:

Մի քիչ բովանդակային. եթե պարոն Ռուբինյանը համոզված է, որ «հեղափոխության» ժամանակ և դրան հաջորդող ժամանակահատվածում արտաքին քաղաքական ցնցումներ չեղան, ապա թույլ տվեք նկատել. այդ դեպքում ՀԱՊԿ-ում տեղի ունեցած, տեղի ունեցող իրադարձություններին և դրան հաջորդած անդամ պետությունների դիվանագիտական կոշտ պատասխաններին ի՞նչ անուն պետք է տալ: Ոչ չեզոք արտաքին քաղաքականության արդյու՞նք է սա, թե՞ պարզապես ձախողում:

Ինչպես եք այդպիսի արհամարհանքով խոսում ՀՀ անդամակցած որևէ կազմակերպության մասին: Մի՞թե դուք այդքան թքած ունեք, պարոն փոխարտգործնախարար:

Պարոն Ռուբինյան, եթե դուք ասում եք, որ «Ռուսաստանի հետ հարաբերություններում պահել ենք դրական միտումը», արդյո՞ք սրանով չեք հակասում ինքներդ ձեզ: Դրական միտում, այսինքն, անցյալի, եղածի շարունակություն:

Եթե նախկինում կարդացել են Ալիևի նամակը, ապա ինչ պակաս է Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, ինչ տարբերություն:

Կարելի է փաստել, որ պարոն Ռուբինյանը ընդհանրապես տեղյակ չէ Արցախյան բանակցային գործընթացից: Եվս մեկ խնդիր. չի կարելի երկու պետությունների ղեկավարների մեկ-երկու րոպեանոց հանդիպմամբ աստիճանների վրա մեկնաբանել և բացատրել սահմաններում տիրող իրադրությունը:

ՀՀ պարոն փոխարտգործնախարարը կրկնելով իր կառավարության ղեկավարին՝ խորհրդարանական դիվանագիտություն վարողին ցինիկաբար ասում է. «դուք գործ չունեք»: Դիվանագիտությունը վերելք է ապրում «նոր Հայաստանում»:

Ինչ պետք է սպասել փոխարտգործնախարարից, ինչպիսի ֆորմատ պիտի լինի հետագա (եթե այդպիսի բան ընդհանրապես հնարավոր է) բանակցություններում, եթե նա, ինչպես իր քաղաքական «թիմը», չի կարծում, որ «Արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից»: Ստացվում է ինչ. դու գնում ես բանակցության՝ առանց կարևորելու այն, ինչ ձեռք ես բերե՞լ, առանց կարևորելու բանակցության հիմքը՞: Դուք լու՞րջ եք, հարգելի պարոն Ռուբինյան:

Նման դեպքերում ուղղակի կարելի է ընդհանրապես չխոսել՝ ի ցույց չդնելով ձեր սեփական անտեղյակությունը, անգրագիտությունը ձեր ղեկավարած ոլորտի վերաբերյալ: