Դատախազությունը ընթացք է տվել ՀՀԿ-ի հայտարարությանը


21:10 , 30 նոյեմբեր, 2018
ՀՀԿ նախընտրական շտաբի կողմից նախընտրական քարոզչությունը Էջմիածնում խոչընդոտելու վերաբերյալ ներկայացված հաղորդումը ՀՀ Արմավիրի մարզի դատազությունից ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ մարզի դատախազի կողմից հանձնարարվել է անհապաղ իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները ներկայացված հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ավելի վաղ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել  տեղեկացնելով, որ ԱԺ արահերթ ընտրությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը Էջմիածին քաղաքում խոչընդոտել են։  Մասնավորապես` կուսակցությանը բաժին է ընկել Էջմիածնում մի վահանակ, որը տնօրինող կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել: