Հայաստանում արտադրական համալիր կկառուցվի


18:50 , 30 նոյեմբեր, 2018

Բիզնես Արմենիայի աջակցությամբ ռուսաստանյան «Էկոտեխպրոմ» ընկերությունը 285-340 միլիոն դոլարի ներդրումներով Հայաստանում արտադրական համալիր կկառուցի։

Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմից հայտնում են, որ արտադրական համալիրը կզբաղեցնի շուրջ 100 հեկտար տարածք, բաղկացած կլինի 3 գործարանից, որտեղ կարտադրվի տեխնիկական և կերակրի աղ, կալցինացված սոդա, ապակիներ։ Նախատեսվում է ստեղծել շուրջ 1100 աշխատատեղ։

«Բիզնես պլանի համաձայն, նախագծային աշխատանքը կավարտվի 2019թ. դեկտեմբերին, համալիրի շինարարությունը կավարտվի 2022 թվականին. ամեն տարի շահագործման կհանձնվի գործարաններից մեկը։ Արտադրանքը հիմնականում արտահանվելու է»,- նշել է «Էկոտեխպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սոպինը։

«Սա մեր երկրում մեկ պատուհանով օտարերկրյա ներդրումների սպասարկման հաջող օրինակ է. Հայաստանը գրավել է ներդրողների ուշադրությունը հեղափոխությունից հետո, դիմել են կառավարություն, որտեղից էլ ներդրողներին ուղղորդել են Բիզնես Արմենիա հիմնադրամ։ Մեզ մոտ ամբողջական սպասարկում ստանալուց հետո այսօր ստորագրվեց պաշտոնական փաստաթուղթը, որին պետք է հետևեն ներդրումները»,- նշել է Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ 

Ներդրումների և հետներդրումային սպասարկման մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է այսօր՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի ներկայությամբ։ Փաստաթուղթը ստորագրել են Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և «Էկոտեխպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սոպինը։