Օվկիանոսի հատակին անոմալ աղմուկ են գրանցել


20:20 , 29 նոյեմբեր, 2018

Մոլորակի բոլոր սեյսմոգրաֆները ստորերկրյա ցնցումներ են գրանցել Հնդկական օվկիանոսի հատակին:

Ակտիվության պատճառներն անհայտ են: Ցածր հաճախականությամբ ցնցումները շարունակվել են 20 րոպե՝ 17 վայրկյանանոց ընդմիջումներով:

Հետազոտողները ենթադրում են, որ ցնցումները կապված են Հնդկական օվկիանոսի Մայոտա կղզու մոտակայքում արդեն 6 ամիս շարունակվող երկրաշարժի հետ: Դեռ մայիսի 10-ին գիտնականները ստորերկրյա ցնցումներ են գրանցել կղզուց 50կմ դեպի արևելք: Դրան հաջորդել են հարյուրավոր թույլ, բայց հաճախակի երկրաշարժերը:

Առավել հուժկու ցնցում գրանցվել է մայիսի 15-ին, որը հասել է 5.8 մագնիտուդ ուժգնության: Տվյալների նախնական վերլուծությունից հետևում է, որ երկրաշարժը միայն երկրակեղևի շարժման հետևանք չէ, գրում է Science Alert-ը:

Գիտնականները ենթադրում են, որ ցնցումները կապված են Հնդկական օվկիանոսի տակ մագմայի շարժով: Այս ենթադրությունը բացատրում է նաև կղզու՝ 6սմ արևելք և 3սմ դեպի հարավ տեղաշարժվելու փաստը: