Արա Բաբլոյանը պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով


17:14 , 29 նոյեմբեր, 2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանձնելով պարգևը և գործընկերների անունից շնորհավորելով Արա Բաբլոյանին՝ ԱՊՀ ՄԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնավորապես նշել է. «Այսօր վերջին անգամ խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Գործընկերներ, այս ընթացքում մենք հետևել ենք, թե ինչ պատասխանատվությամբ է պարոն Բաբլոյանը վերաբերվել միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որքան ակտիվություն է ցուցաբերել: Արա Բաբլոյանը կարողացավ պահպանել իրավիճակը հանրապետությունում անսովոր, դժվարին ժամանակներում, որի համար նա շատ բան է արել: Թերևս կարող էր չժամանել, սակայն այսօրվա ներկայությունը բնորոշում է Արա Բաբլոյանին՝ որպես լուրջ, պատասխանատու անձնավորության: Մեզ մոտ ոչ միայն պարզապես ՄԽՎ խորհուրդ է, այլ նաև թիմ, կոլեկտիվ. մենք ճանաչում ենք իրար, մշտապես կապի մեջ ենք, ընկերություն ենք անում, միմյանց աջակցում: Դա շատ լավ է բնութագրում Ձեզ, պարոն Բաբլոյան՝ որպես արժանի անձնավորության և իմաստուն քաղաքական գործչի, ով ճիշտ որոշում է կայացրել: Իրոք, զգալի ներդրում եք ունեցել ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներում և պարգևատրվում եք ԱՊՀ ՄԽՎ բարձրագույն պարգևով՝ «Համագործակցություն» շքանշանով»:

Իր շնորհակալական խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «Ես ավարտում եմ իմ գործունեությունը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, բայց չի ավարտվում իմ գործունեությունը թիմում, ԱՊՀ ՄԽՎ-ում, ես կլինեմ բարեկամ, գործընկեր, դաշնակից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, նշել, որ միջխորհրդարանական վեհաժողովը՝ որպես ԱՊՀ խորհրդարանական բաղադրիչ, երկխոսության ու ԱՊՀ երկրների խորհրդարանների համագործակցության կարևոր և արդյունավետ հարթակ է, համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում, ուր մշակվում են կառուցողական մոտեցումներ և ընդունվում հավասակշռված որոշումներ՝ ուղղված ԱՊՀ անդամ երկրների բարօրությանը: Իր ողջ գործունեության ընթացքում վեհաժողովը եղել է արդյունավետ հարթակ քաղաքական, հումանիտար, տնտեսական խնդիրների պատասխանները փնտրելու հարցում: Ժամանակակից միջազգային հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունն ունի իր ուրույն դերը՝ տարբերվելով դասական դիվանագիտությունից և ներդաշնակորեն լրացնելով դրան:

Այս տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս կապակցությամբ մենք ուղարկել ենք հրավերներ միջազգային կազմակերպություններին, այդ թվում ԱՊՀ ՄԽՎ-ին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանում ընտրություններն անցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան, Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ:

Հարգելի գործընկերներ, բարեկամներ,

շնորհակալություն եմ հայտնում ձեզ արդյունավետ համագործակցության համար և՛ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում, և՛ երկկողմ ձևաչափով: Ինձ համար թանկ են այն անձնական հարաբերությունները, որոնք հաստատված են մեր միջև: Թույլ տվեք վստահեցնել, որ Հայաստանի նոր խորհրդարանը ևս կշարունակի գործել տասնամյակների ընթացքում միջխորհրդարանական վեհաժողովում հաստատված ավանդույթի ոգով՝ ուղղված կապերի և միջխորհրդարանական երկխոսության ամրապնդմանը՝ միտված մեր ժողովուրդների բարօրությանը»: