Եգիպտահայ պատմական մեծ գործիչ Նուբար փաշայի անունով է կոչվել Նեղոսի վրայով անցնող կամուրջներից մեկը


21:00 , 29 նոյեմբեր, 2018

Վերջերս Կահիրեում Նեղոսի վրայով անցնող կամուրջներից մեկը վերանվանեցին Նուբար փաշայի (1825-1899)՝ Եգիպտոսի առաջին վարչապետի անունով։ Կամուրջի նախկին անվանումը Կասր-ալ-Նիլ էր։

Նուբար փաշան՝ Նուբար Մելիքյանը, ծնվել է Իզմիրում՝ հայկական ընտանիքում։ Փայլուն կրթություն ստանալով Եվոպայում՝ 17-ամյա Նուբարը գնացել է Եգիպտոս և զբաղեցրել նախարար Պողոս-բեյ Յուսուֆյանի քարտուղարի պաշտոնը։ Երիտասարդի կարիերան հրաշալի ընթացք էր ստացել։ Հետագայում նա կարևոր պետական պաշտոնների է անցել։ Վարչապետի պաշտոնում եղել է 17 տարի շարունակ՝ 1878-ից ի վեր։ Այդ ժամանակաշրջանում մի շարք նշանակալից գործեր է կատարել, մասնավորապես՝ դատական համակարգ է ստեղծել, փոփոխել է հարկային համակարգը, թշվառ երեխաների համար անվճար դպրոցներ է բացել, կազմակերպել է Նեղոսի դելտայի ոռոգումը։

Ինչ վերաբերում է եգիպտահայ գործչի հայանպաստ գործունեությանը, ապա հարկ է հիշել, որ Նուբար Փաշան զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայ գաղութի, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի, մշակույթի ու լուսավորության հարցերով։ Գլխավորել է գաղութահայ ազգային–թեմական իշխանությունը, սատարել Թուրքիայից Եգիպտոս անցած հայ տարագիրների օգնության գործին, նպաստել ու դրամական միջոցներ տրամադրել պարբերականների հրատարակմանն ու դպրոցների հիմնադրմանը, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանսերեն թարգմանությունն ու հրատարակությունը և այլն։ 1878 թվականին կազմել և Բեռլինի կոնգրեսին է հղել թուրքական տիրապետության տակ գտնվող հայերի վիճակի բարելավման իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին։ 

Բրիտանացի գեներալ-աուդիտորներից մեկը նրան այսպես է բնութագրել. «Ժամանակակից եգիպտացի քաղաքական գործիչներից ամենահետաքրքիրն է։ Ինտելեկտուալ տեսանկյունից նա իր մրցակիցներից մի քանի անգամ վերև է գտնվում»։

Նուբար փաշայի անունով փողոցներ են կոչվել Կահիրեում և Ալեքսանդրիայում։