Ցանկացած «նվիրատվություն» պետությանը պետական ռեկետի ուղղակի օրինակ է


13:14 , 29 նոյեմբեր, 2018

Երբ օգոստոսին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ էր հայտնում ու ասում, որ «Սաշիկ Սարգսյանը մի բանկում 30 միլիոն դոլար ունի, ուրեմն՝ թող իմանա, որ էդ փողը պետք ա բերի ու վերադարձնի ժողովրդին», շատերն ուրախանում էին դրանից: Շատերն այս հայտարարությունից հասկացան, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հայտարարում է պետական ռեկետ անելու մասին, իսկ թե ինչ եղավ դրանից հետո, շատ հուզիչ է:

Ուրեմն՝ Մանվել Գրիգորյանը, որին բռնել են փաստացի տուշոնկա գողանալու, իսկ ֆորմալ` միայն ապօրինի զենք-զինամթերքի համար, հայտարարում է, որ պատրաստ է «կամավոր» իր սեփականությունը հանձնել պետությանը: Երեկ արդեն պարզ դարձավ, որ Սաշիկն ու Արմեն Ավետիսյանն են «կամավոր» իրենց ունեցվածքը հանձնում պետությանը, իսկ պետությունն այդ ունեցվածքը «դնելու է աճուրդի» և աճուրդից գոյացած գումարը փոխանցելու է պետբյուջե: 

Պետական ռեկետի ողջ հմայքը պատկերացնելու համար շատ հատկանշական փակագծեր բացեց Նիկոլը վերջին երկու օրերին, մասնավորապես՝ տառացի ասաց, որ «որոշ մարդիկ բոմժ են դառնալու էս ամեն ինչի արդյունքում»: Նիկոլը ճիշտ ասաց՝ ինքը հաստատապես էս ռեկետի արդյունքում փորձելու ա կապիտալի վերաբաշխում անել, ինչի արդյունքում իրեն հնազանդ «նոր օլիգարխները» «աճուրդով» ձեռք կբերեն նախկին թալանչիների թալանի արդյունքում ձևավորված կապիտալը, իսկ նախկինները կդառնան բոմժ: 

Ասածս չխեղաթյուրելու համար մի պարզաբանում անեմ. ցանկացած թալանված գումար պետությանը հետ վերադարձնելու իրավական ձևեր գոյություն ունեն, բայց այդ ձևերի մեջ որևէ կերպ չեն կարող մտնել քրեական գործեր հարուցելու և սպառնալիքի միջոցով տվյալ թալանչիներից գույք և գումար «նվեր ստանալը»: Այն մարդը, գործարարը, ով «պատրաստակամություն» է հայտնում այդքան կապիտալ «նվիրել» պետությանը պետության առաջին դեմքի սպառնալիքներից հետո, նվազագույնն անկեղծ չէ, իսկ իրականում այդ մարդը ՎԱԽԵՑԱԾ է և, բառի բուն իմաստով, ՌԵԿԵՏԻ է ենթարկվում պետության կողմից:

Եվ ուրեմն՝ ցանկացած նմանատիպ «ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» պետությանը պետական ՌԵԿԵՏԻ ուղղակի օրինակ է, և այդ ռեկետի ուղղակի իրականացնողն ու միակ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է: Իսկ թե այս ամեն ինչն ինչպիսի բացասական հետևանքներ կունենա օտարերկրյա ներդրումների համատեքստում, դատեք ինքներդ: 

ՀԳ. Նիկոլի` քարոզարշավին մասնակցելը կոդազերծում է իշխանությունների ողջ քաղաքական «իզմ»-ը, որը ոչ միայն պոպուլիզմն է, այլև ՖԱՇԻԶՄԸ կամ փաշիզմը: