«Ինձ որակավորումներ տալ չեմ սիրում, բայց կարծում եմ՝ այո՛, ինձ մոտ ստացվում է». Թամարա Գևորգյանը՝ Lady Comedy նախագծում իր մասնակցության մասին


15:45 , 27 նոյեմբեր, 2018

ATV հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 12-ին մեկնարկել է Lady Comedy հումորային նախագիծը: Նախագծի հիմնական կազմում աղջիկներն են՝ Լիանա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը, Էմմա Շաբոյանը և Թամարա Գևորգյանը։ Վերջինս BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նոր կերպարի մասին:

«Առաջարկը ստացել եմ նախագծի հեղինակ-հիմնադիր Լիանա Վարդանյանի կողմից դեռ 9 ամիս առաջ: Մենք նոր էինք հեռուստաէկրանին, բայց ներկայացման տեսքով ելույթներ ունեցել եք դեռ ամիսներ առաջ: Անձամբ ես քասթինգ չեմ անցել, ոչ թե նրա համար, որ ես ավելի տաղանդավոր եմ, քան մյուս աղջիկները, այլ զուտ մի պատճառով՝ Լիանայի հետ դեռ ուսանողական տարիներին աշխատանքային փորձ ունեցել ենք, և Լիանան ինձ որպես դերասանուհի լավ գիտեր»,- պատմում է Թամարան։

Աղջիկները բավականին համարձակ հանդերձանքով են ներկայանում։ Ինչպես նշում է Թամարան, նրանք բավականին սեքսուալ են, իսկ նախագծի հիմնական այցեքարտը ոչ թե նրանց հանդերձանքն է, այլ հումորը: «Դերաբաշխումն անում է ռեժիսորը՝ Գուրգեն Սարգսյանը, առաջնորդվելով մի սկզբունքով, թե ում որ կերպարն է ավելի համապատասխան: Նրանք, ովքեր թյուր կարծիք ունեն, թե կանայք հումորից հեռու են, ավելի ծիծաղելի են, չէ՞ որ Աստված տվեց Եվային, որ Ադամը տխուր չլինի»,- կես կատակ, կես լուրջ նշում է դերասանուհին:

Թամարայի համար հումորային այս ֆորմատը նորություն է, բայց նշում է, որ սթենդ ափ ժանրում փորձ ունեցել է. «Ինձ որակավորումներ տալ չեմ սիրում, բայց կարծում եմ՝ այո՛, ինձ մոտ ստացվում է: Իհարկե, կան թերություններ, որոնք, միանշանակ, դատապարտված են շտկման: Իսկ ավելի ճիշտ գնահատական կտա հեռուստադիտողը, որովհետև գուցե ես օբյեկտիվ չլինեմ: Երբ աշխատում ես այս ֆորմատում, հետո հաղորդումը նայելիս ոչ թե ծիծաղում ես, այլ հավանում ես կամ ոչ»:

Դերասանուհին նշում է, որ մինչ այս ստացած յուրաքանչյուր կերպար հաճույքով է խաղացել, քանի որ վստահում է ռեժիսոր Գուրգեն Սարգսյանին. «Վստահ եմ՝ նա երբեք մեզ վատ ռակուրսից չի ներկայացնի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի