Հայաստանին պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն. ՀՀԿ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը


14:06 , 26 նոյեմբեր, 2018

Հայաստանի hանրապետական կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը՝ բաղկացած 6 կետից: Լրագրողներին տրված ծրագրի տարբերակը սև ու սպիտակ էր, ինչը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, ամենևին էլ պատահական չէ, պարզապես դիզայներական լուծում չէ: 

«Այս ամենի մեջ գաղափար կա դրած. Հայաստանին պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն: Ամեն ինչ կա՛մ լավ է, կա՛մ վատ է, ինչը երեկ վատն էր, այսօր լավ է, մենք «դեմոններն» ենք, իրենք՝ հրեշտակները: Բայց իրականությունը բազմաշերտ է: ՀՀ-ին պարտադրված կանոնը սև ու սպիտակ է, ու անգամ այս սև ու սպիտակ իրականության մեջ մենք պարտավոր ենք թելադրել սեփական քաղաքական օրակարգ: Այս օրակարգը մենք պարտավոր ենք թելադրել Հայաստանին»,- նշեց Արմեն Աշոտյանը: 

Նա նկատեց, որ ծրագրի ներքին հատվածում եռագույնով թերթիկներ են, որոնց վրա զետեղված է ՀՀԿ ծրագիրը: Արմեն Աշոտյանը նշեց, որ գործող իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի, անլուրջ վերաբերմունքի, սիրողականության հետևանքով կան խնդիրներ:

Հարցին՝ որքա՞ն քվե եք ակնկալում ստանալ, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ իշխանությունները և նրանց սպասարկող ուժերը սկսել են գուժել, որ ստանալու են զրո ձայն: «Նման ձևակերպումներն անարգանք են ՀՀ քաղաքացիների հանդեպ: Ակնհայտ է, որ զրո ձայն չենք ստանալու, ստանալու ենք տասնյակ հազարավոր ձայներ: Եթե անգամ չանցնենք խորհրդարան, այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են: Կեղծ դեմոկրատական իշխանությունները հանում են մարդկանց իրականությունից, նրանք, ովքեր համաձայն չեն իրենց հետ, վախենում են կարծիք հայտնելուց:

Բազում դեպքեր կան, ասում են՝ շտաբներ չբացեք, չենք գալու, բայց ձայնը տալու են մեզ, վախենում են գալուց, որ աշխատանքը չկորցնեն, որ չգնան, ասեն՝ ինչո՞ւ ես գնացել ՀՀԿ շտաբ: Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ»,- շեշտեց ՀՀԿ փոխնախագահը: 

Ըստ նրա՝ իրենք դիրքավորվում են որպես սկզբունքային, արմատական ընդդիմություն: «Մի կողմից իշխանությունները գուժում են մեր քաղաքական վախճանը, մյուս կողմից ռեսուրս են օգտագործում մեր դեմ պայքարելու համար: Եթե մենք քաղաքական մրցակից չենք, գոյություն չունենք, ինչո՞ւ եք պայքարում մեր ուրվականների դեմ, ո՞րն է իմաստը պայքարելու մի ուժի դեմ, որը, ըստ ձեզ, զրոյացված է»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը: 

Նա նկատեց, որ իշխանության ծրագիրն իրենց դեռ հասանելի չէ, ինքը չի տեսել, տեսել է դրամահավաք: «Հիմնական ծախսերը պլանավորվում և արվում են ընտրարշավից առաջ: Դա օրենքի պահանջն է: Գումարը ծախսվում է ավելի շուտ, քան այդ մարդիկ դրամահավաք են արել»,- ավելացրեց Ա. Աշոտյանը: