«Ժողովուրդ». Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2 դատավոր բացահայտ պատերազմ են հայտարարել ԲԴԽ նախագահին
10:40 , 24 նոյեմբեր, 2018
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավոր՝ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, որ չընտրվեցին սնանկության գործերով դատավոր, բացահայտ պատերազմ են հայտարարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Օրերս նրանք բաց նամակ են հղել ԲԴԽ անդամներին՝ կոչ անելով Գ. Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Ավելին, նրանք պահանջում են դադարեցնել Գ. Հարությունյանի լիազորությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել երկու դատավորների բաց նամակը, որում նրանք Հարությունյանին մեղադրում են ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները խախտելու մեջ:
Պատճառը Հարությունյանի հայտարարություններն են. «Նախկինում ևս, լինելով ՍԴ նախագահ, հայտնել եմ, որ ունենք դատարաններ, չունենք արդարադատություն», «իսկ մոտիկից ծանոթացումը բացահայտեց՝ վիճակը ավելի մտահոգիչ է, և մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների միջոցով կարող ենք լուծել»:
Հիմա դատավորները խնդրում են այս խոսքերի համար Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության ու դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորությունները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: