«Ընկնող աշտարակի» պատմությունը


06:12 , 24 նոյեմբեր, 2018

Շնորհիվ իր թեքության՝ Պիզայի աշտարակը հայտնի է ողջ աշխարհով մեկ։ Այն գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում։ Քաղաքի բնակչությունը 100 հազար մարդ է, սակայն ամեն տարի այստեղ են գալիս միլիոնավոր զբոսաշրջիկներ։

Աշտարակը համարվում է Պիզայի տաճարի մի մասը, որը գտնվում է Հրաշքների հրապարակում։ Սկզբում կառուցվել է տաճարը, իսկ աշտարակի կառուցումը սկսվել է 1173 թվականին։ Այն պետք է լիներ 1063 թվականին տեղի ունեցած Պալերմոյի ճակատամարտի խորհրդանիշը։

Նախագիծը ստեղծվել է երկու ճարտարապետների՝ Բոննանո Պիզանոյի և Վիլհելմ ֆոն Ինսբրուկի կողմից։ Ցավոք սրտի, նրանք չեն կարողացել տեսնել իրենց նախագծի կառուցված տարբերակը, քանի որ այն ավարտվել է 15-րդ դարում։ Ենթադրություններից մեկի համաձայն՝ աշտարակի թեքությունը բացատրվում է նրանով, որ Պիզանոն իր հաշվարկների մեջ սխալներ է արել, քանի որ ճարտարապետությանը լավ չի տիրապետել։ Սրա համար էլ քաղաքի իշխանությունները նրան արտաքսել են քաղաքից։ Աշտարակի թեքությունը նկատելի էր դեռևս նրա կառուցման պահից սկսած, այս պատճառով էլ նրա կառուցումը տևել է 300 տարի։ Մի քանի անգամ ցանկացել են քանդել այն, սակայն նրա զանգակատունը գնալով ավելի շատ մարդկանց է սկսել գերել։

Աշտարակի շինարարությունն ավարտին է հասցրել ճարտարապետ Թոմազո դի Անդրեան։ Նա վերջացրել է 6-րդ հարկի շինարարությունը և վերջինում կառուցել է զանգակատուն։ Նա հրաժարվել է տանիքի գաղափարից։ Այսպիսով՝ շինության բարձրությունը հասել է 56 մետրի։

Խոսելով Պիզայի աշտարակի մասին՝ պետք է հիշատակել նաև Գալիլեո Գալիլեյին։ Նա ծնվել է Պիզայում և աշտարակի օգնությամբ էլ կատարել է իր մի շարք փորձերը։ Նա ապացուցել է, որ առարկայի ընկնելու արագությունը կախված չէ նրա քաշից։ Այս պատճառով էլ աշտարակը ունի ոչ միայն մշակութային, այլ նաև գիտական նշանակություն։