Նիկոլ Փաշինյանը՝ վարչական ռեսուրսը չարաշահելու մասին


15:54 , 23 նոյեմբեր, 2018

Հայաստանում որևէ մեկի, որևէ քաղաքացու, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետի՝ հանրահավաք անցկացնելու իրավունքը սահմանափակված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն դիտարկումներին, թե, մարզեր այցելելով, Փաշինյանը, ըստ միջազգային չափորոշիչների, չարաշահում է վարչական ռեսուրսը:

«Միջազգային չափանիշները, խնդրում եմ, ձեր կայքերում հրապարակեք: Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ի՞նչ պիտի անի, պիտի սենյակից դուրս չգա՞»,- ասաց Փաշինյանը:

Tert.am-ի դիտարկմանը, թե ինչո՞ւ, օրինակ, Երևանում երթը նոյեմբերի 24-ին է անցկացնում, ոչ թե 26-ին, երբ սկսվում է քարոզարշավը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ որևէ քաղաքացի որևէ օր երթ անելու համար սահմանափակվա՞ծ է»:

Ճշտող հարցին, թե վարչապետի պաշտոնակատարն ուզում է ասել, որ երթը քարոզչական բնույթ չունի՞, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իսկ օգոստոսի 17-ին, որ հանրահավաք էինք անում, խախտո՞ւմ էինք, թե՞ չէինք խախտում, առջևում Երևանի ավագանու ընտրություններին էին: Կամ գնացել եմ Սյունիքի ու Տավուշի մարզ, խախտում անո՞ւմ էինք, թե՞ չէ»:

Դիտարկմանը, թե այդ ժամանակ վարչապետը պաշտոնավարման 100 օրն էր ամփոփում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա էլ աշխատում է:

«Ես խնդրում եմ, առաջադրանք համայն հայության իրավաբաններին, հատկապես հանրապետականներին. որևէ մեկը գիտի՞, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակված է որևէ օր որևէ հանրահավաք անելու համար: Դա իրենց Հայաստանում էր այդպես, այս Հայաստանում այդպես չէ: Կոչեր կարող են հնչել միշտ, քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն, քարոզչական ժամկետից դուրս գան որոշակի սահմանափակումների»,- ասաց Փաշինյանը:

Tert.am-ի հարցին, թե երթն ի՞նչ բնույթ ունի, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ քայլելու բնույթ:
«Ցույց տվեք միջազգային չափանիշները, գիտեք, հերիք է Հայաստանում խոսվի առանց հիմնավորումների: Այսինքն՝ դուք ինձ ուզում եք արգելե՞լ: Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը»:
Հարցին, թե արձակուրդ գնալո՞ւ է Փաշինյանը քարոզչության մեկնարկից հետո, նա պատասխանեց, որ իր քարոզչությունը սկսել է 2007-ին և կշարունակի քանի դեռ քաղաքական գործունեությամբ է զբաղվում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք մարզերում անհանգստացնող որևէ բան նկատե՞լ է իրենց ուժի վարկանիշի հետ կապված՝ վարչապետի ԺՊ-ն ասաց, որ միայն պոզիտիվ աճ է նկատել, ինչը կտեսնի հանրությունը:
Tert.am-ի հարցին, թե որքա՞ն են ձգտում ձայներ ստանալ ընտրություններին, Փաշինյանն ասաց, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ ՀՀԿ-ն ասելու է, որ վարչական ռեսուրսը չարաշահվել է. «Ով կմիանա նրանց, կարող է միանալ»:
Ինչ վերաբերում է ընդդիմության տեղերին, նա ասաց, որ ընդդիմության տեղերը որոշված են Սահմանադրությամբ, և տեղերը որոշելու է ժողովուրդը. «Հիմա ձեզ թվում է՝ ես նստած գծում եմ՝ էս սրան, էս՝ սրա՞ն: Ժողովուրդն է որոշում՝ ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն և ով դուրս մնա քաղաքական դաշտից: Ես ասել եմ, որ մեր քաղաքական առաքելությունը դա է, երբ ժողովուրդը որոշի, որ չլինենք իշխանություն, չենք լինի և դրանից հետո նույն ժպիտով շարունակելու ենք քայլել Երևանի փողոցներում»:
Tert.am-ի հարցին, թե այս ընթացքում, ըստ Փաշինյանի, ովքեր են գաղափարական առումով իրենց ընդդիմություն, նա ասաց, որ բացի «Իմ քայլը» դաշինքից, բոլորն էլ կարող են լինել:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հայտարարում է, որ իրենք են միակ ընդդիմադիրը, մնացածը գրպանային ընդդիմություն են, Փաշինյանն ասաց. «Իրենց խորհուրդ եմ տալիս գրպան բառը մի քիչ զգույշ օգտագործել»:
Հարցին՝ ինչպես է վերաբերվում «Սասնա Ծռեր» կուսակցության մասնակցությանը ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլոր ուժերի մասնակցությանը, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքին, վերաբերվում է նույն կերպ. «Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ ասի իր խոսքը, և երաշխավորված է, որ ժողովրդի ազատ կամարտահայտմանը ոչինչ չի կարող սպառնալ»: