Մերկելը ձգտում է Լոնդոնի հետ պահպանել գործակցությունը պաշտպանության և անվտանգության բնագավառում


14:10 , 21 նոյեմբեր, 2018
168.am-ը գրում է.
Գերմանիայի կառավարությունը բոլոր ջանքերը կներդնի Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում լայնամասշտաբ համագործակցությունը պահպանելու համար: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
«Մեր գլխավոր հետաքրքրությունը Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում լավ հարաբերություններ ունենալն է՝ միջազգային ձեւաչափերի մակարդակով,-ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:-Ես եւ ամբողջ դաշնային կառավարությունը դրա օգտին հանդես ենք գալու բոլոր ուժերով»:
Մերկելը հերթական անգամ նշել է, որ ԳԴՀ-ն հարգում է ԵՄ-ից դուրս գալու Միացյալ Թագավորության մեծամասնության որոշումը, չնայած դրա հետ կապված բոլոր դժվարություններին: Նա հույս է հայտնել, որ Եվրամիությունը նոյեմբերի 25-ին Բրյուսելում կայանալիք արտահերթ գագաթնաժողովում իր կողմից կհամաձայնեցնի Brexit-ին վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: