Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց արտաքին քաղաքական հերթական սխալը


14:48 , 21 նոյեմբեր, 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց արտաքին քաղաքական հերթական սխալը: Խոսելով Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացիներին փոխանակելու մասին, նա ասաց, որ չի կարելի նրանց դիմաց ազատ արձակել երկու Ռամիլ Սաֆարովի: Խոսքը 2014թ. Արցախում վնասազերծված ադրբեջանցի երկու դիվերսանտների մասին է, որոնցից մեկին Արցախի Հանրապետության դատարանը դապարտել է ցմահ, մյուսին՝ 22 տարվա բանտարգելության:

Փաշինյանը ճիշտ կաներ, եթե ասեր, որ այդ դատապարտյալներին ներում շնորհելու կամ Ադրբեջանում պահող հայ գերիների հետ նրանց փոխանակման հարցը Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս է, Բաքուն պետք է փորձի համաձայնության գալ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Դրա փոխարեն Փաշինյանն իր վրա վերցրեց ադրբեջանցի դիվերսանտների հետագա ճակատագրի տնօրինման պատասխանատվությունը և առիթ տվեց, որպեսզի Ադրբեջանը միջազգային հարթակներում շարունակի պնդել, որ իր քաղաքացիները «Հայաստանի պատանդն են»: Հերթական վրիպումն էր: