ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որևէ շրջադարձ չկա նաև հանրության մոտ նման պահանջի բացակայության պատճառով. Լենա Նազարյան


14:00 , 21 նոյեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հանրապետության հրապարակում հանրահավաքների ընթացքում արտաքին քաղաքականություն փոխելու պահանջ չի եղել, և նաև դա է պատճառը, որ ՀՀ արտաքին քաղաքականության որևէշրջադարձ  չի արվելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Երբ հրապարակում հանրահավաք էինք անցկացնում, քաղաքացիների կողմից չկար արտաքին քաղաքականությունը փոխելու՝ մեզ ուղղված քաղաքական պահանջ: Եվ դա է պատճառը, որ արտաքին քաղաքականության որևէշրջադարձ մենք չենք անելու: Քաղաքացիների` հրապարակում տված պատվերն  այն էր, որ հաստատվի արդարություն, պետական միջոցները չմսխվեն և բացահայտվեն այն կոռուպցիոն դեպքերը, որոնք տարիներ շարունակ հայտնի են դարձել հանրությանը, սակայն չեն ունեցել որևէ հետևանք»,-ասաց Նազարյանը:

Նա նկատեց, որ արտաքին քաղաքականության մեջ նախկինում իսկապես եղել են իրավիճակներ, որոնք լուռ անցել ենք առաջ` շատ դեպքերում անտեսելով Հայաստանի շահերը:

 «Հիմա, երբ Հայաստանի կողմից տրվում են հստակ պատասխաններ, և ակնկալվում է, որ մեր գործընկեր պետությունները պետք է նկատի ունենան մեր շահերը, չգիտես ինչու զայրույթ է առաջանում: Ինչո՞ւ մենք պետք է լռենք և հաշտվենք այն իրավիճակի հետ, երբ մեր հանդեպ անարդար են վարվում: Կարծում եմ, որ շատ ճիշտ է, որ մենք բարձրաձայնում ենք մեր խնդիրները»,-ասաց Նազարյանը:

Նրա կարծիքով` այլ երկրների հետ հեռակա խոսակցությունները թույլ կտան, որ երկրների ղեկավարները նստեն սեղանի շուրջ և ոչ թե քաղաքավարի ժպտան միմյանց, այլ խոսեն երկրի շահերից, ձեռք բերեն հստակ պայմանավորվածություններ: