ԱԺ-ն վերսկսել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը


12:29 , 21 նոյեմբեր, 2018
ԱԺ-ն վերսկսել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նախագծի վերջնական տարբերակը և անդրադարձավ միայն հարցի  փոփոխություններին:

Ըստ նրա՝ ԱԺ պատգամավորների կողմից 146 առաջարկ են ստացել, որից ֆինանսական գնահատական պարունակել են 105-ը, գումարային առումով կազմել է 10,4 մլրդ դրամ:

«Ընդամենը 56 հարց վերաբերել է տնտեսության ճյուղերին և 7 մլրդ դրամ է կազմել: 33 հարց համայնքների ծրագրերին է վերաբերել, 1, 5 մլրդ դրամ է ֆինանսական գնահատականը եղել, իսկ 16 հարց սոցիալ-մշակութային և գիտության ոլորտին է վերաբերել, 1,8 մլրդ դրամ է կազմել գումարային հաշվարկը»,- ասաց նա:

Ըստ այդմ՝ նախարարն ասաց, որ ծախսային մասը 1 տրիլիոն 642,2 դրամից դարձել է 1 տրիլիոն 648 մլրդ դրամ, կամ փոփոխությունը կազմել է 5, 9 մլրդ դրամ:

Հիշեցնենք, որ, ըստ բյուջեի, 2019 թ. ակնկալվում է ունենալ 1 տրիլիոն 490.6 մլրդ դրամ եկամուտների, 1 տրիլիոն 648 մլրդ դրամի ծախսերի ցուցանիշների մակարդակ: Նախագծով դեֆիցիտը ծրագրվել է 156.6 մլրդ դրամ: 2019 թվականին կանխատեսվում է ՀՆԱ-ի 4.9 տոկոս իրական աճ, 2019 թվականին մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը կկազմի 4604 դոլար: