«Շերեմետևոյում» ՀՀ քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետևանքով (Video)


10:56 , 21 նոյեմբեր, 2018

Համացանցում է հայտնվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու մահվան միջադեպից հետո նկարահանված տեսանյութը:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութում երևում են դեպքի վայրն ու մահացածի իրերը:

Տղամարդը հայրենիք էր արտաքսվել Իսպանիայից: Մադրիդից Մոսկվա չվերթի ժամանակ նա իրեն վատ է պահել, և օդանավի անձնակազմը վայրէջքից հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմինների օգնությանը:
Դեպքի օրը Մոսկվայից Աթենք թռչող օդանավի անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով ընթանալու ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է ինչ-որ կենդանու: Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք հայտնաբերել են տղամարդու դի: Ավելի ուշ հաղորդվել է, որ մահացածը ՀՀ քաղաքացի է:

Հետաքննություն է ընթանում՝ պարզելու համար, թե ինչպես է նա հայտնվել թռիչքուղու վրա:
Հայտնի է, որ մահացած ՀՀ քաղաքացին 25 տարեկան էր: