Ադրբեջանի ռազմական «ճանապարհորդությունները»


03:44 , 21 նոյեմբեր, 2018

Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը շրջանառության մեջ էր դրել Բելառուսից զենք գնելու վերաբերյալ նոր պայմանագիր կնքելու հնարավորության մասին լուրերը։ Նման հայտարարություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է Բելառուս և հանդիպում է ունենում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Հանդիպման ավարտից հետո Ալիևը լրագրողներին հայտնում է, որ Բելառուսը եւ Ադրբեջանը պատրաստվում են պայմանագիր կնքել՝ Բելառուսի ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման մասին: Արդեն նոյեմբերի 19-ին Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինության և օդային պաշտպանության տեխնիկայի մատակարարման ոլորտում փոխշահավետ երկկողմ համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Հուշագրի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 20-ին, հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր շտաբների պետերը։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը Թուրքիայի ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը։

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է նաև, որ Բաքուն ընդլայնում է Թուրքիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում համագործակցությունը։

Փաստացի, Ադրբեջանը մի կողմից՝ Բելառուսի, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ կնքում է ռազմական պայմանագրեր ու դա կատարում է շատ արագացրած տեմպերով։