ՀԱՊԿ-ը՝ որպես ՀՀ մարտավարության առանցքային ուղղություն


05:40 , 20 նոյեմբեր, 2018

Վերջերս շատ է խոսվում ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններում փոխադարձ դերի մասին։ Նախ՝ նշենք, որ ՀՀ-ն առանցքային դեր է խաղում ՀԱՊԿ գործունեության կովկասյան ռազմավարություն ուղղությամբ՝ հանդիսանալով անդրկովկասյան միակ հանրապետությունը, որը ՀԱՊԿ անդամ է և սահմանակից է ՆԱՏՕ-ի հարավային գոտուն՝ ի դեմս Թուրքիային։ 

Արժե հիշել, որ Ադրբեջանը, որը 1999 թվականին դուրս է եկել ՀԱՊԿ-ից և մեղադրել այս կազմակերպությանը, որ այն չի աջակցում մասնակից երկրների հակամարտությունների լուծման խնդրին, այսօր մտածում է ՀԱՊԿ վերադառնալու հնարավորության կամ առնվազն այդ կազմակերպությունում գործընկեր կամ դիտորդի կարգավիճակ ստանալու մասին: Կազմակերպության հիմնական անդամները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն այսօր Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես գործընկերներ։ Հաշվի առնելով այդ գործոնը՝ կարելի է փաստել, որ ուժերի այս բաշխումը կազմակերպությունում թույլ կտա Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ ստանալու դեպքում ազդել ՀԱՊԿ գործընթացների վրա, ինչը, բնական է, չի բխում հայկական կողմերի շահերից, ուստի պատահական չէ, որ հայկական կողմը հայտարարել է իր՝ վետոյի իրավունքից օգտվելու մասին։

ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենալու վերաբերյալ Բաքվի դիրքորոշման վրա ազդող գործոններից կարող է համարվել նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախման հավանականությունը, որտեղ Ադրբեջանը, որը որևէ անվտանգության կազմակերպության անդամ չէ, իր կայունության համար լուրջ սպառնալիքներ է տեսնում:

Հայաստանը, առաջնայնությունը տալով Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանը, ցանկացել է պարզապես ընդլայնել իր կապերը ՆԱՏՕ-ի և այլ արևմտյան կազմակերպությունների հետ։ 

Հայաստանի ռազմական համագործակցության նորմատիվաիրավական հենքը զարգանում է ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ համաձայնագրերի միջոցով։ Հայաստանն օգտվում է ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող սպառազինության, ռազմական տեխնիկայի մատակարարման, ինչպես նաև զինվորական կադրերի պատրաստման արտոնյալ ռեժիմի առավելություններից։ Եվ ինչպես հայտնի է, Հայաստանի պաշտպանության ամրապնդումն առաջնային նշանակություն ունի ինչպես թուրքական գործոնով պայմանավորված, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքով։ ՀԱՊԿ գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմաքաղաքական համագործակցությունը՝ Հայաստանը հետայսու ևս շարունակելու է ներդնել իր ջանքերը համատեղ աշխատանքը կոորդինացնելու, գործակցության ներուժն ավելի լիարժեք և արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։