Սմարթֆոնի տևական օգտագործումը բացասաբար է ազդում աչքի ցանցաթաղանթի վրա, որի արդյունքում մարդը կարող է զրկվել տեսողությունից, հայտարարել են ամերիկացի գիտնականները:
Թոլեդոյի համալսարանի գիտաշխատողները հայտնաբերել են, որ սմարթֆոնների էկրանը աչքի ցանցաթաղանթի վրա խիստ բացասաբար ազդող երկնագույն ճառագայթում ունի: Նրանք փորձեր են իրականացրել պարզելու համար, թե ինչպես գույնը կարող է տեսողության կորստի պատճառ դառնալ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ճառագայթվող երկնագույնը կարող է վտանգավոր մոլեկուլների առաջացման պատճառ դառնալ և ունի կարճ ալիքային երկարություն: Սմարթֆոնից արձակվող լույսը ակտիվացնում է աչքի՝ լույսի նկատմամբ զգայուն բջիջների՝ ֆոտոռեցեպտորների համար վնասակար բաղադրիչներ ստեղծող էլեմենտները: Իսկ դրանց կորստի դեպքում մարդը կարող է ընդմիշտ կուրանալ:
Սմարթֆոնների հաճախակի օգտագործումը կարող է նաև քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ: