Մինսկը կոշտ պատասխան է տվել Փաշինյանին


16:30 , 17 նոյեմբեր, 2018

Բելառուսի ԱԳ նախարարության  մամուլի քարտուղար, տեղեկատվության ու թվային դիվանագիտության վարչության ղեկավար Անատոլի Գլազն արձագանքել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի՝ այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում արած հայտարարություններին, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նազարբաևի հարցազրույցին Փաշինյանն ասել էր,  որ պարզաբանումներ է պահանջելու նրանցից։

«Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը ստանձնել է միջազգային դատախազի դերը, որը լիազորված է պատժել կամ ներում շնորհել։ Հնարավոր է՝ դա ընդունելի լիներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում։ Սակայն միջպետական հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգի ու էթիկետի բոլորովին հստակ  նորմեր։

Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականությունում։ Ցավում եմ։ Հուսով ենք, որ ժամանակի հետ դա կանցնի»,-ասել է նա։

Ա. Գլազի մեկնաբանությունը հրապարակված է Բելառուսի ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում։