Ձեռքներդ հեռու Հայ Առաքելական եկեղեցուց


12:53 , 17 նոյեմբեր, 2018

Հայ առաքելական եկեղեցին դարձել է Հայ ազգի այցեքարտերից մեկը ժամանակակից աշխարհում: Ողջ աշխարհում խոսում են հայի եկեղեցաշեն լինելու մասին, հոյակերտ եկեղեցիներ և խաչքարեր կանգնեցնելու մեջ: Մի կողմ եմ դնում խորքային և համոզմունքային այն թեզը, որով որոշ մարդիկ մերժում են Հայ առաքելական եկեղեցին և ավելի հին ու վաղնջական շրջանի մեր պաշտամունքի առարկան են առաջնային համարում, կամ որ ընդհանրապես մերժվում է Աստծու գոյությունը: Սրա մասին չէ ասելիքս, ասելիքս այլ բան է: Ոչ ոք, լսում եք, ոչ ոք իրավունք չունի Հայ առաքելական եկեղեցու վրա ձեռք բարձրացնելու` անկախ այն բանից՝ նա հեթանոս է, աթեիստ է, լիբերալ է, ակտիվիստ է, դեմոկրատ է, թե հանրապետական...

Այդ մեծագույն արժեքը, որը հազարամյակներ շարունակ սերտաճել է հայ ազգի հետ, ստեղծվել է ոչ ձեր կողմից, ոչ էլ ձեր անձնական շահերից ելնելով:

Հայ եկեղեցու սպասավորները բազմաթիվ անգամ են զենք վերցրել ու հայրենիք պաշտպանել, հայ եկեղեցու սպասավորները փրկել են Հայոց պատմությունը վավերացնող գանձերը, հայ եկեղեցու սպասավորները ստեղծել են աշխարհառչակ երաժշտություն, մանրանկարչություն, ճարտարապետություն, մշակույթ:

Ի՞նչ եք արել դուք... Դուք, որ ձեզ համարում եք ազատամիտ ու սեփական իրավունքի համար պայքարող, փորձում եք անարգել իմ սրբությունը, իմ պատմության մի հատվածը, ուզում եք իմ իրավունքը ոտնահարել: Դուք, որ նպատակ եք դրել բանսարկությունը, ցեխ շպրտելը, անպատասխանատու լինելը, պետությանը, եկեղեցուն և բանակին առավելագույն վնաս հասցնելը: Չփորձեք մոտ գնալ եկեղեցուն և բանակին, այլապես հակահարվածը ողջ հայ ազգի կողմից կլինի ցավոտ ոչ միայն ձեր, այլ նաև ձեր սերունդների համար...