«Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին կայացված որոշումով բեկանել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը չեղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը: Բեկանված վճիռը ուղարկվել է հետ՝ Վերաքննիչ դատարան, նոր քննության և վճռի համար: Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից հետո ՀՔԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը բավարարվել էր:
Մոտ երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշումով, որը համարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը վերաբերում է նրա սահմանադրական լիազորությունների շրջանակում նախատեսված գործողության, և ըստ այդմ՝ Քոչարյանի վրա տարածվում է անձեռնմխելիության սահմանադրական նորմը, որպես էքս նախագահ: Եվ ահա, այժմ Վճռաբեկ դատարանը բեկանում է այդ վճիռն ու գործն ուղարկում հետ, լրացուցիչ քննության: Ի՞նչ կորոշի Վերաքննիչ դատարանն այս անգամ: Հատկանշական է, սակայն, որ Վճռաբեկի այդ որոշումը զուգորդվում է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության նախընտրական շրջանին:
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում ընտրությանը: Նա հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, սակայն նշել, որ ուղղակի չի հասցնի մասնակցել դեկտեմբերի ընտրությանը: Մյուս կողմից, սակայն, որևէ կերպ չէր կարելի բացառել Քոչարյանի «ստվերային» մասնակցության հնարավորությունը՝ թե´ որևէ քաղաքական ուժի, այսպես ասած, քողի ներքո, որն այս կամ այն կերպ առնչություն ունի նախորդ իշխող համակարգին, և թե´ գուցե տարբեր հանրային շրջանակներում իր ունեցած ազդեցությամբ: