Հայտնի մարդիկ, ովքեր, չնայած դժվարություններին, ետ չեն կանգնել իրենց երազանքներից


06:12 , 16 նոյեմբեր, 2018

Նրանց անունները հայտնի են բոլորին, նրանք չեն կորչում ամբոխի մեջ։ Ամբողջ աշխարհում կան մարդիկ, ովքեր գտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում։ Բայց արդյոք բոլորի՞ն է հայտնի, որ միշտ չէ այդպես եղել։ Նրանցից ոմանք մի շարք դժվարություններ են հաղթահարել իրենց փառքի ճանապարհին։

Հենրի Ֆորդ

Նրա անունը կապված է աշխարհի ամենահայտնի ավտոմոբիլային բրենդներից մեկի հետ։ Հենրի Ֆորդը ստեղծել է հավաքող կոնվեյներ, որը մեկընդմիշտ փոխեց արդյունաբերության մասին եղած պատկերացումները։ Նա հայտնի է իր հաջողություններով։ Սակայն իր ուղու սկզբում նա մի շարք անհաջողություններ է կրել։ Նա բիզնեսի մի շարք տեսակներ է փորձել, որոնք ձախողվել են։ Ֆորդն ընդհանուր հաշվով 5 անգամ սնանկ է ճանաչվել։ Միայն այս ամենից հետո է նա հիմնադրել Ford Motor Company-ն, որն էլ նրան համաշխարհային ճանաչման է բերել։

Ուոլթ Դիսնեյ

Բոլոր երեխաներն էլ պաշտում են նրա կողմից ստեղծված մուլտհերոսներին։ Շուրջ 100 տարի Դիսնեյի հերոսները ուրախացնում և դաստիարակում են երեխաներին։ Քչերը գիտեն Դիսնեյի այն անհաջողությունների մասին, որոնք նա կրել է փառքի և հարստության ճանապարհին։ Նրան հեռացնում են իր առաջին աշխատատեղից՝ Kansas City Star-ից՝ պատճառաբանելով, որ նրա մուլտերը բավականաչափ կրեատիվ չեն, սակայն նա չի հրաժարվում իր երազանքներից և հազարավոր մարդկանց սրտերը գերում է Միկի Մաուսի և այլ մուլտհերոսների միջոցով։ Նա ստեղծում է հսկա մի կազմակերպություն, որը հայտնի է ողջ աշխարհում։

Ալբերտ Էյնշտեյն

Մարդկային պատմության ընթացքում ոչ մեկի անունն այսքան կապված չի եղել ինտելեկտուալ ձեռքբերումների հետ, որքան Ալբերտ Էյնշտեյնինը։ Նա հայտնի է որպես ֆիզիկայի հայր։ Երիտասարդ տարիքում ոչ ոք չէր էլ մտածում, որ նա հանճար է դառնալու։ Ալբերտը մինչև 4 տարեկան դառնալը չէր խոսում, իսկ կարդալ սովորել է 7 տարեկանից հետո։ Նրա ծնողները և ուսուցիչները մանուկ Ալբերտին մտավոր հետամնաց էին համարում, այդ պատճառով էլ նրան հեռացնում են դպրոցից և չեն ընդունում Ցյուրիխի տեխնիկական համալսարան։ Շնորհիվ իր կամքի և գիտության հանդեպ սիրո՝ նա կարողացավ գտնել իր տեղն ակադեմիական միջավայրում և դառնալ համաշխարհային համբավ վայելող գիտնական։

Վինսենթ Վան Գոգ

Նրա ամենահայտնի նկարներից մեկն «Աստղազարդ գիշերն» է։ Վան Գոգը տաղանդավոր նկարիչ էր, ով ստեղծում էր արվեստի անկրկնելի նմուշներ, սակայն իր ժամանակաշրջանում այս աշխատանքները չեն գնահատվել։ Ասում են, որ իր կյանքի ընթացքում նա վաճառել է ընդամենը մեկ նկար, այն էլ՝ իր մոտ ընկերոջը։ Վան Գոգը շատ աղքատ էր և հաճախ սովի էր մատնվում։ Նա նաև տառապում էր շիզոֆրենիայով։ Չնայած մեծ դժվարություններին՝ նա միշտ ստեղծագործում էր։ Վան Գոգի աշխատանքները գնահատվել են միայն իր մահից հետո։ Հիմա նրա նկարները միլիոնավոր դոլարներ արժեն։

Բիլլ Գեյթս

Շատերը նրան գիտեն որպես աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, սակայն քչերը գիտեն, որ նրա առաջին արտադրանքը կատարյալ ձախողում է եղել։ Բիլլը և իր ընկեր Փոլ Ալենը ստեղծել էին մի սարք, որը կարող էր հետևել ճանապարհի երթևեկությանը և այն տեղեկություն դարձնել։ Նրանք սարքն անվանել էին Traf-O-Data։ Երբ նրանք այս սարքով շուկա դուրս եկան, պարզվեց, որ սարքը մի շարք լուրջ խնդիրներ ունի։ Արդյունքում նրանք ձախողվեցին, սակայն չհանձնվեցին, և արդյունքում ծնվեց Microsoft-ը։