«Իմ ծնողները երբեք ինձ չեն զրկել լավ հագնվելու հնարավորությունից, ու եթե մի բան ուզել եմ ունենալ, գնել են». Հասմիկ Խոջյանը՝ ոճի և իր զգեստապահարանի մասին


15:30 , 15 նոյեմբեր, 2018

Դերասանուհի Հասմիկ Խոջյանի հետ BlogNews.am-ի զրույցը եղել է նորաձևությունից և հագուստի նախընտրություններից: Հասմիկի համար նորաձևությունն առաջին հերթին ճաշակ է. «Ինքս կրում եմ այն, ինչն ինձ իսկապես դուր է գալիս, բայց քանի որ մենք ապրում ենք տեղեկատվության դարում, անընդհատ մեր աչքի առաջ են լինում թրենդային հագուստը և աքսեսուարները, ու անկախ մեզնից՝ ընտրում ենք դրանցից մեր ճաշակին համապատասխանները: Ես երբեք հատուկ մտածված որևէ զգեստ կամ աքսեսուար չեմ գնել, ինչ է թե դա նորաձև է»։

Հասմիկը նշում է, որ հաճելի է, երբ հետևում ես ոչ թե տվյալ սեզոնի նորաձևությանը, այլ հետևում ես եղանակից եկող տրամադրությանը, գույներին և հարմարավետությանը. «Իհարկե, բնական է, որ, օրինակ, ցուրտ աշնանը հարմարավետ է ունենալ տաք հագուստ և մեծ շարֆեր, իսկ եթե դրանք լինեն աշնանային գույների մեջ, հաստատ գեղեցիկ կդիտվեն։ Իսկ երբ գեղեցիկը հարմարավետ է, ինձ համար հենց դա է սեզոնային նորաձևությունը»։

Դերասանուհու համար առաջնայինը հագուստի հարմարավետությունն է և կանացիությունը: Ասում է, որ հագուստը պետք է ընդգծի այն ամենը, ինչ կա մարդու ներսում և այն, ինչը մարդիկ կարող են տեսնել առաջին հայացքից. «Ամենակարևորն ինձ համար այն է, որ ցանկացած ոճի մեջ, ինչպես ասում են, վուլգար չլինի, մնացյալը մատուցման խնդիր է»։

Ոճային առումով բավականին ճկուն է, սիրում է ներկայանալ տարբեր ոճերում․ «Կարևոր է իմանալ, թե որտեղ ինչ ես հագնում և ինչ տեսքով ես ներկայանում։ Ես կարող եմ լինել սպորտային հագուստով, երբ, օրինակ, շանս եմ ման տալիս կամ քաղաքից դուրս պիկնիկի եմ գնում, բայց երբեք այդ նույն հանդերձանքով չեմ գնա աշխատանքի կամ երեկոյան ընթրիքի»:

Բրենդամոլ չէ, հագուստը գնելիս առաջնորդվում է զուտ հավանելու կամ չհավանելու սկզբունքով, ոչ թե որ այն բրենդային է. «Եթե մարդը ճաշակով է, պարտադիր չէ, որ հագնվի այս կամ այն բրենդային խանութից։ Կարելի է հագնվել սովորական կամ ոչ այնքան հայտնի բրենդային խանութից և ունենալ ապշեցնող տեսք։ Եվ հակառակը՝ մարդը կարող է հագնել աշխարհի ամենաթանկարժեք բրենդային հագուստն ու անճաշակի տպավորություն թողնել: Անձամբ ես կարող եմ ծախսել մինիմալ քիչ գումարից մինչև մաքսիմալ աստղաբաշխական թվեր ու կարծում եմ՝ ցանկացածը կարող է, պարզապես պետք է ծախսել այնքան, որքան նախատեսվում է, և ունենալ ճաշակով տեսք: Անիմաստ է ընկնել շատ թանկարժեք բրենդային անունների հետևից, եթե ի վերջո արդյունքն անճաշակ մի բան է ստացվելու»։

Շատ աղջիկների պես Հասմիկն էլ կարող է չնախատեսված գնումներ կատարել կամ գնալ լրիվ այլ իր գնելու նպատակով, բայց արդյունքում գնել այլ բան. «Հիշում եմ նաև դեպքեր, երբ նախատեսվածից շատ եմ ծախսել կամ նախատեսածից ավելի շատ հագուստ գնել։ Սակայն չեմ հիշում մի դեպք, որ անմոռաց տրվեմ գնումներին ու կորցնեմ խելքս։ Ինձ մոտ, առհասարակ կյանքում, ամեն ինչը մտածված է․ եթե ես գնում եմ դա, ուրեմն՝ վստահ եմ, որ ինձ պետք է։ Իմ ծնողները երբեք ինձ չեն զրկել լավ հագնվելու հնարավորությունից, ու եթե մի բան ուզել եմ ունենալ, գնել են ինձ համար, եթե նույնիսկ դա ինձ այնքան էլ պետք չի եղել կամ եթե նույնիսկ երբեք պիտանի չի եղել գնելուց հետո։ Իսկ հիմա, երբ ինքս հնարավորություն ունեմ գնելու ինձ համար, դա անում եմ մտածված, չնայած վստահ եմ, որ ես էլ իմ երեխաների ցանկությունները միանգամից կկատարեմ, և կարևոր չի լինի՝ դա պետք կլինի, թե ոչ։ Ամենակարևորը, որ երեխան մեծանա ինքնաբավ՝ այնպես, ինչպես ինձ են մեծացրել»։

Հագուստամոլ չէ, բայց սիրում է լավ հագնվել՝ հարմարավետ և հետաքրքիր: Կարևորը՝ հագուստն այնքան ճչացող չլինի, որ թաքցնի մարդու գեղեցկությունը և հմայքը, կարող է լինել շատ համեստ և ընդգծել յուրահատկությունը․ «Հաճախ խանութներում լինում եմ ընկերուհիներիս հետ ու ավելի շատ սիրում եմ, երբ իրենց հետ գնում ենք հենց իրենց համար ինչ-որ բան գնելու և ոչ թե ինձ համար։ Կողքից ամեն ինչը միշտ ավելի հեշտ է ստացվում։ Ես այդքան հագուստ չեմ փորձում, փոխարենը հարկ եղած դեպքում կարողանում եմ պիտանի խորհուրդներ տալ՝ այդպիսով ոգևորելով ընկերուհիներիս։ Ամենակարևորը, որ միասին լավ ժամանակ ենք անցկացնում։ Բայց գնումների ամենաշատը սիրում եմ գնալ մայրիկիս հետ։ Ուրիշ էլ ո՞վ կարող է այդքան ճիշտ խորհրդատու լինել, եթե ոչ մայրիկը։ Հավատացեք, որ ժամանցը պակաս հետաքրքիր չի լինում մայրիկի հետ»։

Որպես կանոն, հայտնի մարդկանցից շատ են հարցնում, հետաքրքրվում, թե տվյալ հագուստը որտեղից են ձեռք բերել։ Նման հարցեր տալիս են նաև Հասմիկին. «Մարդիկ էկրաններին տեսնում են գեղեցիկը, գնահատում են դա և ուզում են իրենք նույնպես ձեռք բերել տվյալ հագուստից: Այս փաստն, իհարկե, ավելի է պարտավորեցնում, երբ հագուստ եմ ընտրում կերպարիս համար»:

Ինչ վերաբերում է զգեստապահարանում առկա գույներին, Հասմիկն ասում է, որ դրանք բացառապես կապված են դրսի եղանակի հետ՝ ամռանը՝ վառ, լուսավոր, աշնանը՝ այն գույները, որոնք կարելի է գտնել դրսում տերևաթափի ժամանակ՝ դեղինը, կանաչը, կարմիրը. «Ձմռանը հագուստներիս գույները սառչում են, այնպես, ինչպես որ ես: Ես, իհարկե, սիրում եմ ձմեռը, բայց այն ժամանակ, երբ կարող եմ կես ժամ դրսում վայելել ձյունը և տուն վերադառնալ կամ երբ տանը տաքուկ նստած եմ և պատուհանից եմ տեսնում դրսի գեղեցկությունը: Գարնան գալստյան հետ, որքան տաքանում է եղանակը, այնքան ավելի վառ ու գունեղ է դառնում հագուստս: Գարնանը նորից սկսում եմ ապրել, սկսում եմ մտածել նաև հագնվելու մասին»:

Բարձրակրուկներ շատ հաճախ է կրում, առօրյայում գրեթե միշտ բարձրակրունկներով է. ասում է՝ այդպես հարմար է, գեղեցիկ և ամենակարևորը՝ չի հոգնում. «Իհարկե, չափազանց մեծ նշանակություն ունի, թե օրվա ընթացքում ինչ անելիքներ ունեմ և թե ուր պետք է գնամ։ Իսկ ամենաէքստրեմալ կամ չնախատեսված իրավիճակների համար մեքենայիս մեջ միշտ կա հագուստի այլընտրանք, բոթասներ և մազերը հարդարելու սարք»:

Այն հարցին՝ երբևիցէ հագուստի պատճառով անհարմար իրավիճակում հայտնվել է, դերասանուհին նշում է. «Կոշիկներիս կրունկները, բարեբախտաբար, երբեք չեն կոտրվել, զգեստս երբեք չի պատռվել կամ այդ տեսակ անհարմար ոչ մի իրավիճակում չեմ հայտնվել և հուսով եմ, որ երբեք էլ չեմ հայտնվի։ Բայց ինչպես գրեթե բոլոր աղջիկները, այնպես էլ ես, ունեցել եմ, մեղմ ասած, շա՜տ անհարմար բարձրակրունկներ, ու ամենասարսափելին, որ ես գնել եմ այդ կոշիկները հարսանիք գնալուց մեկ օր առաջ, առանց փորձելու, քանի որ հազիվ էի գտել այնպիսիք, որոնք համապատասխանում էին զգեստիս։ Շատ բարձր կոշիկներ էին, շատ գեղեցիկ ու միանգամից աչքի ընկնող, բայց եթե ամոթս կորցնեի, միանգամից կհանեի դրանք ու նույնիսկ մեկ քայլ չէի անի դրանցով։ Պարզապես արդեն ուշ էր նման որոշում կայացնելու համար, և ես ամբողջ երեկույթի ընթացքում անդադար պարել եմ այդ չափազանց անհարմար կոշիկներով, ու ներկաներից ոչ մեկը նույնիսկ գլխի չէր ընկել, որ որևէ մի բան այն չէ։ Այդ դեպքից հետո այլևս երբեք չեմ գնել ու չեմ էլ գնի կոշիկներ առանց փորձելու»։

Շատ աղջիկներ հաճախ չեն կարողանում հրաժարվել իրենց սիրելի զգեստից, Հասմիկն էլ բացառություն չէ. «Տանը մի զգեստ ունեմ, որը շատ եմ սիրում և չեմ էլ մտածում դրանից բաժանվելու մասին։ Զգեստն արդեն ունի մոտ 20 տարվա վաղեմություն։ Այդ զգեստով մասնակցում էի «Կենդանի տիկնիկ» մրցույթի «Թագավորական զգեստների» ցուցադրությանը։ Իհարկե, վաղուց այդ զգեստն իմ հագին չի լինում, բայց ես չեմ էլ մտածել դրանից բաժանվելու մասին, քանի որ արդեն պատմական զգեստ է դարձել․ իմ բոլոր բարեկամուհիները փոքր տարիքում հասցրել են դա գոնե մեկ անգամ կրել իրենց հանդեսների ժամանակ, ու հույս ունեմ, որ դեռ այն չի հնացել, ու կարող են եղբորս աղջիկները նույնպես հագնել։ Այսպիսով՝ երկար ճանապարհ անցած 20 տարվա զգեստս դեռ պետք է երկար մնա իմ պահոց-պահարանում։

Դեռ մանկուց ինձ ամեն պատեհ առիթով ասել են, որ ես «շորասազ եմ»։ Հույս ունեմ, որ դա համապատասխանում է իրականությանը։ Ամեն դեպքում դեռ չի եղել մի ոճ, որից կտրականապես հրաժարվել եմ չսազելու պատճառով։ Օրինակ՝ հիմա չեմ հագնվում այնպես, ինչպես ռեպերները կամ ռոքերները, որովհետև ես ինձ չեմ պատկերացնում առօրյայում այդ ոճով, չնայած 12-13 տարեկանում մի քանի ամիս ինձ տղայից չէիք տարբերի․ կարճ մազերով, միշտ լայն ջինսերով, մեծ ու լայն շապիկներով և կեդերով էի ու ռեփ էի լսում։ Երեխա էի, չէի հասկանում, որ աղջկա գեղեցկությունն աղջկական հագուստն ու պահվածքն են ընդգծում»։  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի