ԵՄ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունն ու Շվեդիան կաջակցեն ԱԺ ընտրությունների անցկացմանը


16:50 , 14 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԵՄ-ն, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունները կաջակցեն Հայաստանի կառավարությանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործում: Այս կառույցների միջև այսօր փաստաթուղթ ստորագրվեց:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն Հայաստանում տեղի ունեցած նախկին ընտրություններին նույնպես մասնակցել է, և այդ մասնակցությունը լինելու է շարունակական: «Մի վաճառեք ձեր ձայները, կաշառքներ մի վերցրեք, ու ամեն անգամ, երբ ձեզ նման առաջարկ անեն, տեղեկացրեք այդ մասին: Այս ընտրությունները թող դառնան լավագույնը ոչ միայն Հայաստանի, այլև այլ ազգերի պատմության մեջ»,- ասաց նա:

Իսկ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը տեղեկացրեց, որ Գերմանիան 700 000 եվրո է տրամադրել նույնականացման սարքավորումների ու տեսախցիկների ներդրման համար: