Եվրոպական երկրներ կատարած իմ վերջին այցի ընթացքում, տեղեկացնելով ներդրումային որոշ ծրագրերի մասին, ասել էի, որ պետք է սպասել լավ նորությունների: Ուրախ եմ արձանագրել, որ այցի ժամանակ և դրան հաջորդած ինտենսիվ քննարկումներից հետո հաջողությամբ ավարտել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը։
«Արդյունքում շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք: Ծրագիր, որին շատ երկար ենք սպասել, և որն, իմ պատկերացմամբ, դառնալու է Արցախի տնտեսական ամենախոշոր նախագծերից մեկը և ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման երաշխավորը:
Ի գիտություն նշեմ, որ ոռոգման համակարգը մեր հանրապետությունում մեծ ներդրումների կարիք ունի: Այսօրվա դրությամբ ունենք մինչև 10,000 հեկտար ոչ կանոնավոր ոռոգվող այգի ու դաշտ, որը կազմում է մշակվող հողատարածքների մոտ 10 տոկոսը: Այսինքն նոր ծրագրով նախատեսում են ավելի քան կրկնապատկել առկա ծավալը:
Ներդրողների հետ պայմանավորվել ենք նաև ջրատարն ապահովող կասկադի վրա նոր ՀԷԿ-երի կառուցման մասին, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ խթանելով դրա արտահանումը: