Վարչապետի համար սև օրեր են սկսվել. բիոզուգարանների պատմության նոր սկանդալային բացահայտումներ


11:34 , 30 մայիս, 2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի համար սև օրեր են սկսվել: Մամուլում և էլեկտրոնային լրատվականներում օր չի անցնում, որպեսզի հերթական սկանդալային հոդվածը լույս չտեսնի, որտեղ նկարագրվում են այն ֆինանսական մեքենայությունները, որում այս կամ այն կերպ ներգրավված է եղել մեր՝ առաջին հայացքից այդքան հեզաբարո թվացող վարչապետը...
Ու ինչքան ուզում է թող դատի տա լրատվամիջոցներին կիպրոսյան օֆշորների պատմության համար, մեկ է, այնքան թույլ տեղեր ունի, որ առանց դրա էլ հանգիստ կարելի կլիներ բանտ ընկնել, պայմանով, որ մենք ապրեինք օրենքի երկրում:
«Ժողովուրդը» իսկապես սկանդալային փաստեր է հրապարակել չարաբաստիկ բիոզուգարանների վերաբերյալ, որոնք ձեռք էին բերվել հատը 340 հազար դոլարով: Դա էլ հերիք չի, հիմա էլ տենդեր են հայտարարել, որպեսզի վերանորոգեն անսարք զուգարանները, և դա էլ հերիք չէ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դրանք սկի բիոզուգարան էլ չեն, այլ ուղղակի զուգարաններ են...
Պարզվում է, որ բիոզուգարանները ձեռք է բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը նույն ինքը` վարչապետ Տիգրան Սարգսյանն է... Այստեղ են ասել՝ «ձեռքից բռնվեց»: Ընդհանրապես, այս հիմնադրամի հոգեբարձուների ցանկը շատ ներկայացուցչական է ու միանգամից հուշում է, որ ի սկզանե ոչ մի նորմալ գործարք չի կարելի ակնկալել:
«Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի անդամ են՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը եւ այլք», - գրում է թերթը:

Կարծում եմ, հիմա հասկանալի է արդեն բացարձակապես բոլորի համար, թե ինչու 3 տարի առաջ որոշվեց տուրիզմը զարգացնելու համար գնել ոչ թե 7-8 հազար դոլարանոց բիոզուգարաններ, որոնցից տեղադրված են օրինակ Երևանին տուրիստական պոտենցիալով մեղմ ասած չզիջող Փարիզում, այլ 170 հազար դոլարանոց եսիմ ինչեր, որոնք սկի չեն էլ աշխատում...